Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեքենաների ծիսական պար պողպատաձուլական գործարանում

Գերմանիայում օրերս մեկնարկած ,,Ռուրտրիենալե,, փառատոնում իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչիի բեմադրությամբ կայացավ ,,Սրբազան գարուն,, բալետի պրեմիերան: Գլխավոր գործող անձանց՝ պարողների փոխարեն հանդես էին գալիս 40 մեքենաներ, որոնք Իգոր Ստրավինսկու երաժշտության ներքո այս ու այն կողմ էին ցրում ոչ ավելի կամ պակաս՝ քան... ոսկորի փոշի:

Արվեստների ,,Ռուրտրիենալե,, փառատոնը Գերմանիայի երեք քաղաքներում՝ Բոխումում, Էսսենում և Դույսբուրգում ընթանում է միաժամանակ: Փառատոնի անցկացման հիմնական պատասխանատուն, այս էլ արդեն երրորդ անգամ, գերմանական փորձարարական արվեստի առաջնապահը համարվող Հեսսենի թատերական ակադեմիայի տնօրեն, մասնագիտությամբ ռեժիսոր և երաժիշտ Հայներ Գեբելսն է:

Ռոմեո Կաստելլուչիի ներկայացումը հավակնում է դառնալ օգոստոսի վերջերին մեկնարկած և դեռ շարունակվող փառատոնի գլխավոր իրադարձությունը:Ասենք, որ այս աղմկահարույց բեմադրությունը «չափից դուրս արմատականության» պատճառով մեկ տարի առաջ Մանչեստրի միջազգային փառատոնի ղեկավարների կողմից արգելվել է: Իսկ ,,Ռուրտրիենալե,,-ում նա կարծես թե հայտնվել է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Դա, գուցե, գալիս է այն բանից, որ Հռենոսի երկրում այսօր էլ զգալի է սահմանային փորձարարությամբ որոնումներ կատարելու Բաուխաուզի ավանդների ազդեցությունը: Իսկ Կաստելլուչիի ներկայացումը ստիպում է, օրինակ, հիշելու նկարիչ Օսկար Շլեմմերի գաղափարները: Մասնավորապես ,,մեխանիկական բեմի,, գաղափարը, որը ենթադրում է այնտեղ մարդկանց լիակատար բացակայություն, որոնց պատճառով կարող են առաջանալ իրարամերժություններ և անհատական մեկնաբանություններ՝ հստակ կարգաբերված մեխանիկական կառուցվածքների մեջ:

Ինքը՝ Ռոմեո Կաստելուչչին, լինելով իտալացի, հավանաբար, իր ներկայացմամբ հանդիսատեսներին ուղարկում է դեպ ֆուտուրիստների փորձերը, մասնավորապես, դեպի Էնրիկո Պրամպոլինին ու նրա մեխանիկական թատրոնը, որտեղ մարդու երևան գալը բեմում նույնպես բացարձակապես չի նախատեսվում:

Բացի այդ, հենց, հատկապես, ,,Ռուրտրիենալե,,-ում Կաստելլուչիի ներկայացման համար կարողացան գտնել իդեալական բեմական տարածություն: Ներկայացումը ցուցադրվում է Դույսբուրգում, որը համարվում է գերմանական արդյունաբերության գլխավոր բաղադրիչներից մեկը: Բեմադրությունը իրականացվում է իր ճարտարապետական հզորությամբ տպավորիչ և հսկայական տարածք ունեցող և այսօր այլևս չաշխատող ,,Մեյդրիխ,, պողպատաձուլական գործարանում:

Մեքենաների այս մռայլ թագավորության մեջ, դոմենյան վառարանների, խողովակների, մետաղագլանման արտադրամասերի միջավայրում Ստրավինսկու երաժշտությունը կարծես շատ ավելի ողբերգական հնչողություն է ձեռք բերում, որի ուղեկցությամբ 40 մեքենաները կատարում են իրենց սպառնալից-հիպնոսացնող պարը:

Բայց պետք է նշել, որ Կաստելլուչիի ներկայացման մեջ չի ընդգրկվում ողջ գործարանային տարածքը, այլ միայն արտադրամասերից մեկը, որը հանդիսատեսներից բաժնված է ապակե միջնապատով:

Արտադրամասում շտանգեթներից կախված են տարաբաժանող մեքենաներ, որոնք երգող շատրվանների նման մեկ երևում են խիստ կանոնավոր շարված, մեկ էլ՝ տարբեր ուղղություններով շատրվանող փոշու շիթերին հակադարձ: Այդ շիթերը երբեմն վալսի ռիթմով պտտվող բարակ թաղանթ են թվում, մեկ էլ ագրեսիվորեն ասես ցանկանում են գնդակահարել հանդիսատեսներին: Դա մի հետաքրքիր և գրավիչ տեսարան է, որում, հատկապես, զարմանալին երաժշտության ռիթմին համընթաց մեքենաների հստակ և ճշգրիտ շարժումներն են (Եթե, իհարկե, չես բևեռվում այն մտքի վրա, թե, ըստ էության, այդ մեքենաները ինչպիսի գործով են զբաղված:)

Այնուամենայնիվ, հենց, հատկապես երաժշտությունն է մեխանիզացված ներկայացմանը տալիս անհրաժեշտ հակադիր զգացմունքային և դրամատիկական երանգավորումներ: Սակայն, ի տարբերություն, գունագեղ երգող շատրվանների, այս տեսարանը իր վրա է գամում հանդիսատեսի ուշադրությունը ոչ ավելի քան 20 րոպե (իսկ ներկայացումը տևում է երկու անգամ ավելի երկար):

Հետո այդ ծանր քաշային խորեոգրաֆիան թվում ի միօրինակ և հանդիսատեսին մնում է բավականություն ստանալ դիրիժոր Թեոդոր Կուրենզիսի նվագավարությամբ ձայնագրված հիանալի հնչողություն ունեցող երաժշտությունից: Թերևս, տպավորությունը հարյուրապատիկ անգամ ավելի ուժեղ լիներ, եթե ներկայացման ծիրում ընդգրկվեր ողջ գործարանի շենքը՝ այնտեղ եղած իրական մեքենաներով հանդերձ:

Այսպիսի իրական արվեստի հաստատման ուղղությամբ ժամանակին, ինչպես հայտնի է, փորձել է աշխատել դեռ Սերգեյ Էյզենշտեյնը՝ 1924թ.-ին բեմականացված ,,Հակագազեր,, ներկայացմամբ: Իսկ Կաստելլուչին հանդիսատեսին առաջարկում է դիտել գեղեցիկ և արհեստական իմիտացիա, որը բազմապատիկ անգամ նվազեցնում է հավանական ազդեցության ուժը:
Միաժամանակ, հասկանալի է, որ XX դարի 20-ական թվականներից աշխարհում շատ բան է փոխվել:

Կաստելլուչիի ներկայացման մեջ հստակ ի հայտ է գալիս այն միտքը, որ մարդու հիացմունքը և խոնարհումը մեքենայի առջև, դրան կրոնի ու աստվածության վերածելը, ձգտումը նմանվելու նրա ճշգրտությանը, հստակությանը և դիմացկունությանը վերածվել է ժամանակակից աշխարհի վրա մեքենաների քաղաքակրթության ազդեցության նկատմամբ ցավոտ բնազդի:

Ներկայացման ավարտին հատուկ սպիտակ հագուստներով մի քանի մարդ բահերով միալար քերում են ոսկրափոշու զանգվածը տարողության ներսում: Նախկինի պես մարդը մահկանացու է, նա կրկին իր իսկ ստեղծածի զոհն է: Մարդը իր իսկ ձեռքերով ստեղծում է ոչ մարդկային, ապահումանիզացված աշխարհ, որն էլ իր հերթին նրան խժռում և աղում է՝ որպես արտադրական թափոն:

Այդ արդյունաբերական վերամշակումը ժխտում է մահվան խորհուրդը, աստվածային ծեսը, մարդու կապը հողի հետ, չթողնելով մարդկային ներկայության որևէ հետք: Մեքենան այժմ միայն պաշտամունք չի, այն նաև «կյանքի ոգու» միակ արդյունքն է:

Ռոմեո Կաստելլուչիի թատերական աշխատանքներով հետաքրքրվողներն այս ներկայացման մեջ, տարբեր մեկնաբանություններ կատարելու համար, կգտնեն բարեբեր հող: Իսկ զգացմունքային տպավորություններ ստանալու հարցում այդ բեմադրության առաջին 20 րոպեն հաստատ կարող է երաշխավորել...
    Դիտվել է 1198 անգամ
    1234