Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Զախարով. «Այն կարող է դուր գալ ուրիշներին և ես հիսթերիայի մեջ չեմ ընկնում»

10.30.2017



«Այս թատերաշրջանից սկսած ես գաղտնի եմ պահում իմ տարիքը: Եվ այսուհետ յուրաքանչյուր իմ ծննդյան օրվա շնորհավորանք կդիտարկեմ որպես ինձ հասցված անտեղի վիրավորանքի ակնար»,- մի քանի տարի առաջ թատերախմբի հերթական հավաքներից մեկի ժամանակ, ինչպես միշտ առանց ժպիտի ստվերի, գործընկերներին զգուշացրել է Մարկ Անատոլևիչը: Այդ մասին «teatral-online.ru»-ի հիշեցումը փոխանցում է «taglur.am»-ը:

Վարպետի այդ արգելքը թատերախումբը լսեց ծիծաղով և ընդունեց ծափերով:



Մոսկվայի «Լենկոմ» լեգենդար թատրոնի գեղարվեստական ղեկավար, իր ղեկավարած մշակութային հաստատությունից ոչ պակաս լեգենդար արվեստագետը 2017թ.-ի հոկտեմբերի 13-ին բոլորեց իր ծննդյան 84-րդ տարեդարձը:

- Մեր մասնագիտության մեջ շատ բան կառուցված է խաբեության վրա: Գործիքը, որի մասին երազում եմ դեռ հայտնագործված չէ: Հանդիսասրահի ջղային ջերմաստիճանը ոչ մի օբյեկտիվ միջոցով իմանալ հնարավոր չէ: Դահլիճի հետ էներգետիկ կապը կարելի է արհեստականորեն մոդելավորել. ձևացնել, որ դու հանդիսատեսի հետ կապի մեջ ես, և վերջ: Կարելի է ձևացնե՞լ:
Կարելի է: Ձևացում թատրոնու՞մ: Դրանով որևէ մեկին չես զարմացնի: Կարելի է ձևանալ որքան ցանկանաս... սակայն խաբել հանդիսատեսին առավել ևս չի կարելի: Ես կարծում եմ՝ անհնար է:

- Ինչի՞ց է կազմավորվում հաջողված թատրոնը: Ես կարծում եմ, որ թատրոնը պետք է սրամիտ լինի, որ լինեն կատակերգական կառուցվածքներ, ընդ որում բարձր որակի: Որպեսզի մարդիկ անպայման ծիծաղեն: Եվ էլի, անպայման , որպեսզի կոկորդիդ բարձրանա աղի գնդիկ, իսկ գուցե և, հայտնվեն արտասուքներ: Բայց, միևնույնն է, ֆինալում պետք է տեղի ունենա ուրախալի մի բան, որպեսզի մարդիկ չհեռանան ինչ-որ սարսափելի ողբերգության ծանրության մեջ:

- Կարևոր պահ է, թե քանի մարդ է հեռանում ընդմիջմանը: Դա ինձ միշտ հետաքրքրում է և, պետք է խոստովանում, անհանգստացնում է: Այդ պատճառով ես ձգտում եմ առաջին պատկերից հետո շարժել հանդիսատեսի հետաքրքրությունը: Այնպես անել, որ հայտնվի, օրինակ, Չուրիկովան կամ Բրոնեվոյը: Հեռացեք, դա ձեր իրավունքն է, բայց չէ՞ որ անհրաժեշտ է նայել մինչև վերջ...

- Հայհոյանքը միշտ օրգանական է... Մի ներկայացման ժամանակ մեզ հյուր էր Պեսկովը (Ռուսաստանի Դաշնության ախագահի մամլո խոսնակը-խմբ.), որտեղ մի թեթև հայհոյանք էր սպրդել: Եվ նա որոշ մտահոգություն և դժգոհություն արտահայտեց: Բայց ես նրան երախտապարտ եմ, որ հետո դժգոհությունը չվերածվեց գործի: Դժգոհություն և վերջ:

- Ես հաճախ եմ ասում, որ իմ մարտակոչը հանդիսատեսի կանխագուշակության դեմ պայքարն է: Մեր մոտ Լյուդմիլա Պետրուշևսկայայի բեմադրած «Երեք աղջիկները երկնագույնով» ներկայայացումը նման չէր Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությանը: Իսկ «Դահիճի լացը» ներկայացումը, իմ կարծիքով, ընդհանրապես շրջեց հանդիսատեսի սպասելիքները: Իմ կարծիքով դա շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է մեկ ուրիշ թատրոնի նկատմամբ ձգողականությանը, ապա դա հաճախ դեմ է առնում դահլիճի տարածքին: Մեր դահլիճը նախատեսված է մի քանի հարյուր հանդիսատեսի համար: Իսկ ահա փոքր ծավալներով դահլիճներում ծագում է ինչ-որ այլ, գրեթե հիպնոսացնող էներգիա: Այն առանձնահատուկ ձևով է ներգործում թատերական հանդիսատեսների վրա : Թատերական կազմակերպության նոր շրջափուլում պրոդյուսերը և տնտեսությունը, նախագծի մեջ դրված դրամական հոսքերը շատ կարևոր դեր են խաղում: Եվ այս ամենը շատ բանով տարբերվում է խաղացանկային թատրոնի գործերի վարման վաղուցվա հին պատկերացումներից :

- Մեզ շատ երկար, սովետական ողջ իշխանության շրջանում, վարժեցրել են այն բանին, որ ժամանակը պետք է հերոս ունենա, ընդ որում պարտադիր դրական, իր տեսակի մեջ յուրային Պավկա Կորչագին, այնպես որ այդ հարցում մենք բոլորս շատ զոմբիացված ենք... Բայց և այնպես ում կարելի է «դրական հերոս » ասել Պուշկինի կամ Դոստոևսկու հերոսներից:
Նրան բոլոր կերպարները բարդ, ոչ միանշանակ մարդիկ են, տարբեր և դրա համար էլ կենդանի: Այդպես է դասականների մոտ:

- Ի՞նչ է Մալևիչի «Սև քառակուսին»: Եթե տարածաշրջաններում երկրով մեկ այն ցուցադրենք մարդկանց՝ պատմելով, որ դա գեղանկարչության մեջ հատուկ ուղղություն է, սուպրեմատիզմ, ինչ-որ մեկի համար այն անհասկանալի կմնա: Մտավորական մարդիկ այդպիսի երևույթներին վերաբերվում են հանգիստ. դե լավ, ես չեմ հասկանում այդպիսի մշակույթը, այն ինձ այդքան էլ մոտ չէ, բայց այն կարող է դուր գալ ուրիշներին և ես հիսթերիայի մեջ չեմ ընկնում: Իսկ հիմա հաճախ են ի հայտ գալիս պատմական փնթփնթոցներ: Դա ինձ շատ է անհանգստացնում:

- Ես կարծում եմ արգելող միջոցները հիվանդություն են, և այն կանցնի: Ինչպես անցավ ստալինյան արգելքների փուլը, այդպես կանցնի նաև այս մեկը: Հիվանդությունը ունի իրեն կրողներ, նրանք շատ չեն, նրանց անունները տալ պետք չէ, դրանք հայտնի ազգանուններ են: Այդ մարդիկ կեղծավոր են, չափազանց ոչ ժամանակակից և հասարակության համար վտանգավոր գաղափարների կրողներ են: Օրինակ, չի կարելի դիպչել հայրենասիրական ուղղվածության առարկաներին: Իսկ այն ստեղծագործությունների վրա, որոնք վերաբերովում են առանց քաղաքականության արվեստին, հաճախ են հարձակվում:

- Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ «Լենկոմ» թատրոնի շենքը կառուցված է շատ ուժեղ էներգետիկ դաշտ ունեցող կետում և, հավանաբար, կա ա յդ շենքի համար ինչ-որ մետաֆիզիկա, նրա պատերի մեջ հանելուկային մթնոլորտ: Ով ասես, որ այստեղ իրեն ցույց չտվեց: Մի անգամ Լուժկովը (Մոսկվայի նախկին քաղաքապետը-խմբ) ինձ հպանցիկ և շատ յուրայինի պես առաջարկեց տեղափոխվել մի այլ շենք: «Մարկ, մենք այժմ Օրդինկայի վրա վերանորոգել ենք Փոքր թատրոնի մասնաճյուղը: Այնտեղ ամեն ինչ պատրաստ է: Եկ, տեղափոխիր «Լենկոմը» այնտեղ: Իսկ այստեղ մենք հիմնական նորոգում կանենք, կկառուցենք հսկայական ստորգետնյա հարկ, կկառուցենք հարկեր վերևից»: Ես պատասխանեցի. «Ինչ եք ասում, շնորհակալություն, հարկավոր չէ, մենք դեռ էլի այստեղ կաշխատենք»: Եթե այն ժամանակ համաձայնվեի, հիմա մեզ շնորհված տեղում թատրոն չէր լինի:
    Դիտվել է 1024 անգամ
    12345678910