Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Դեմիդովա «Հուզմունքի միջոցով հանդիսատեսին երկար պահել չի կարելի»

07.30.2014

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի օրերս ավարտված Ամառային կինոակադեմիայի վարպետաց դասերից մեկն անցկացրել է դերասանուհի Ալլա Դեմիդովան, որն, ինչպես միշտ, խոսել է պոեզիայի մասին: «Թագլուրը» ներկայացնում է «portal-kultura.ru»-ի կողմից գրառված մի դրվագ այդ վարպետաց դասից:

Դեմիդովա – Ժամանակակից թատրոնում հնչող ձայները ստիպում են զգոնանալ՝ դրանք միջինացված են: Այդպիսի տվյալներով հին հունական ողբերգությանն անգամ մոտենալ հարկավոր չի: Կներեք, պիտի խոսեմ բավականին կոշտ: Հուսով եմ, որևէ մեկին չեմ վիրավորի: Թեև լավ է, երբ ինչ որ բան փորփրում է հոգիդ:

Քիչ թե շատ լուրջ բանաստեղծությունները պահանջում են ինտոնացիոն ելևէջ: Նախ՝ պետք է հասկանալ, թե ու՞մ համար եք դուք կարդում: Այստեղ 5 շարք է, իսկ մեծ դահլիճում՝ 25...

Ես աշխատել եմ Թերզոպուլոսի հետ` ողբերգությունների վրա: Ընկել եմ մտածմունքների մեջ՝ ու՞մ համար էին խաղում հին հույները: Այն ժամանակ ներկայացումն ընթանում էր առավոտից՝ երեկո: Հանդիսատեսները քնում էին, ուտում, զբաղվում սիրով, հեռանում, վերադառնում: Մի՞թե նրանց համար: Ոչ: Աստվածների համար: Էներգիան ուղարկում էին վերև: Բոլոր հիմնական մենախոսությունները արտասանվում էին կեսօրին: Ֆեդրան ու Մեդեան՝ Արևի թոռներն են: Արևամուտին հերոսները մահանում էին: Եվ այժմ դա հաշվի առնելը կարևոր է:

Հանդիսատեսը գալիս է՝ նա շատ բազմազան է: Որպեսզի նրան միավորես, պետք է խաղաս ուղղահայացով:

Ուսումնարանում երիտասարդ դերասանները հաղորդակցվում են հորիզոնականով, վախենում են կտրվել խաղընկերոջից:

Դրանից հետո, եթե ռեժիսորը էներգետիկորեն ուժեղ է, հայտնվում է եռանկյունի. Ես-խաղընկերը-հանդիսասրահը:

Իսկ ինչի՞ համար է հարկավոր դահլիճը:

Մի անգամ Էֆրոսի «Երեք քույրերի» վազանցման ժամանակ, ընդմիջմանը, մենք բարեկամիս հետ կատակախառը վիճում էինք, կամուսնանա՞ Վերշինինը Մաշայի հետ, թե՝ ոչ: Շրջապատում բոլորը ծիծաղում էին: Իսկ հիմա հանդիսասրահում շատերը չգիտեն, իրոք չգիտեն, թե ինչով կավարտվի պիեսը:

Ինձ ափերից հանում է առաջին շարքի սպիտակ բլուզը, հեռախոսի ձայնը, հազը, ինչպես ինչ-որ մեկը ութերորդ շարքում քանդեց կոնֆետի թուղթը: Թքած ունեմ: Կպատկերացնեմ իմ համար միակ սիրելի հանդիսատեսին՝ վերջին շարքում, «Ելք» գրության կողքին, և կուղարկեմ էներգիան այնտեղ: Եթե դուք տեսել եք տեսագրված Վիսոցկուն, նա միշտ երգում էր «Ելք»-ի ուղղությամբ և այդպես էլ խաղում էր:

Համոզված եմ բեմում բառերը ամենաքիչ նշանակությունն ունեն: Դրանք պետք է բեռնել իմաստով: Կարևորն էներգետիկան է:

Դերասանական մեծ սխալ է, կարդալ բանաստեղծություններ՝ շեշտը դնելով զգացմունքների վրա: Էներգիան շրջանառվում է չակրաների միջոցով: Դերասանական էներգիան հիմնականում գալիս է ներքևի չակրայով:

Հիշում եմ վաղ շրջանի «Տագանկան», երբ խմբով գոռում էին, նրանց մոտ նույնիսկ պորտերն էին սեղմվում: Ձայները նետում էին հատակին: Ի դեպ, Սուձուկին վարպետաց դասերի ժամանակ մեզ հատկապես դա էր սովորեցնում: Նա խոսելու բոլորովին այլ ձև ուներ՝ կոկորդային: Ձայնն ասես գալիս էր կրունկներից:

Չակրա կա ստամոքսի շրջանում: Դա օգտագործում էր այն նույն Վիսոցկին, այլ զգացմունքային դերասաններ:

Նուրբ դերասանները խաղում են շատ ավելի բարձր չակրայում: Օրինակ, Սմոկտունովսկին: Ի դեպ, մենք նրա հետ շատ լավ բարեկամներ էինք: Ամառանոցներս հարևան էին միմյանց: Հաճախ լսում էի «մյաու-մյաու»: Բացում եմ դուռը, մտածում եմ՝ իմ կատուն է եկել: Իսկ այնտեղ Ինոկենտի Միխայլովիչն է: Այդպես հաճախ էինք զվարճանում:

Բայց մենք շեղվեցինք: Գուցե բանաստեղծություննե՞ ր կարդանք: Ո՞վ կսկսի:

Ուսանող - Կարելի՞ է «Եվգենի Օնեգին»:

Դեմիդովա - Եկեք:

Ուսանող - ( քառատողի թարգմանությունը տողացի է –խմբ.)
Չմտածելով զվարճացնել գոռոզ հասարակությանը,
Ուշադրությունս՝ բարեկամության նախասիրության վրա`
Ես կցանկանայի քեզ ներկայացնել
Քեզ արժանի գրավական...

Դեմիդովա - Ստոպ: Վատ չի: Սկսեցիք աշխույժ: Դուք Ձեր մասի՞ն եք պատմում:

Ուսանող – Իմ խորքից:

Դեմիդովա – Այդ Դու՞ք եք գրել:

Ուսանող – Ոչ:

Դեմիդովա – Ուրեմն Պուշկինի՞ն եք խաղալու: Կկպցնեք այտամորուսնե՞ր և ընդհանրապե՞ս... Ինչու՞ ես պետք է հավատամ, որ Դուք Պուշկինն եք: Որքան էլ տարօրինակ թվա, մեր մասնագիտությունը շատ կոնկրետ է: Եթե, ինչպես հարկն է, գլուխ չենք հանում, լողում ենք: Ներկայացնում ենք «Ես առաջարկվող հանգամանքների մեջ եմ» էտյուդը: Այն՝ ինչը ատում եմ: Փողոցից բռնած ցանկացած Մարիա Պետրովա այն Ձեզնից ավելի լավ կխաղա: Ի՞նչ ուտելիք էր սիրում Պուշկինը իր կյանքի վերջում:

Ուսանող – Ոչ յուղալի կերակուր:

Դեմիդովա – Ընդունում եմ: Եթե Դուք խաղում եք Պուշկինի անունից, իմացեք նրա մասին ամեն ինչ՝ սկսած ծնունդից մինչև մահ, յուրաքանչյուր օրը: Եվ այդպես յուրաքանչյուր դերի հետ: Նստեք:

Բանաստեղծությունների մեջ պետք է փնտրել ինտոնացիան, երաժշտությունը:

Ախմատովան միակն է, Ցվետաևան բոլորովին այլ է: Կարևոր է ժեստը:

«Փոքր» թատրոնում շատ վաղուց տեսել եմ Գոգոլևային՝ լեդի Մաքբեթի դերում: Ինչպես էր նա մաքրում իր ձեռքերը արյունից, մինչև հիմա մնացել է հիշողությանս մեջ: Պետք է իմանալ, ինչով զբաղեցնել հանդիսատեսին: Վերցնել թեկուզ հուզմունքը: Այն հիանալի է: Դա այն նույն էներգիան է, այն փոխանցվում է: Սակայն հուզմունքի մջոցով հանդիսատեսին երկար պահել չի կարելի:
    Դիտվել է 1289 անգամ
    12345678910