Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հանդես կգա նաև երկրի խոշորագույն թանգարանի տարածքում

10.21.2015


2015-2017 թթ. նախագծերում Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնի բեմադրություններից շատերին զուգահեռ Էրմիտաժում կկազմակերպվեն թեմատիկ ցուցահանդեսներ: Այդ մասին տեղեկատվությունը «mikhailovsky.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օրերս այդ յուրահատուկ համագործակցության մասին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում երկկողմանի պայմանագիր են ստորագրել Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և Միխայիլովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կոխմանը:

Պատմամշակութային ժառանգության և երաժշտական արվեստի մասսայականացմանը միտված այս համագործակցությունը Վլադիմիր Կոխմանն անվանել է «ստրատեգիական կարևորության» նախագիծ: «Մենք ստանում ենք շատ լուրջ հնարավորություններ ցուցադրելու, թե ինչպիսի ստեղծագործական ներուժ ունի Միխայիլովյան թատրոնը՝ նվագախումբը, մենակատարները, օպերայի և բալետի թատերախմբերը»,-նշել է նա:

Պայմանագրի համաձայն Միխայիլովյան թատրոնը հնարավոռություն է ստանում իր բեմադրությունները ցուցադրել Ռուսաստանի խոշորագույն թանգարանի տարածքում: Կոխմանը նշել է, որ դա անգնահատելի նվեր է ոչ միայն հանդիսատեսի, այլև թատրոնի արտիստների համար, քանի որ, փաստորեն, դրանով լուծվել է նաև երկրորդ բեմահարթակ ունենալու խնդիրը:

Նախագիծը ստացել է «Միխայիլովյան թատրոնի էրմտաժյան երեկոները» անվանումը: Այս նախագծի շրջանակներում առաջինը կներկայացվի նշանավոր խորեոգրաֆ Նաչո Դուատոյի պատրաստած բալետների շարքը: Իսկ առաջիկայում իրենց աշխատանքները կցուցադրեն ժամանակակից մի շարք խորեոգրաֆներ, կներկայացվեն դասական գործերի նոր ընթերցումներ: Կկազմակերպվեն նաև համերգներ և երաժշտական փառատոներ:

Ավելացնենք, որ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին տեղեկացրել է, որ թատրոնը և թանգարանը կհամագործակցեն նաև 2017-2020թթ. նախատեսված «Օպերա» միջազգային փառատոնի ժամանակ:
    Դիտվել է 795 անգամ