Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կբացվի ցուցահանդես նվիրված մեծ պարուհու կյանքին ու ստեղծագործությանը

11.16.2015


Վաղը՝ նոյեմբերի 17-ին Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում կբացվի «Մայա Պլիսեցկայայի առանց օրենքների գիսաստղը» ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Կան աշխարհագրական, ջերմաստիճանային, մագնիսական բևեռներ: Պլիսեցկայան՝ մոգականության բևեռ է»,- պարուհու մասին գրել է ռուս բանաստեղծ Անդրեյ Վազնեսենսկին:

«Մայա Միխայելովնան շատ մեծ բարեկամությամբ էր կապված մեր թանգարանին և նրա շռայլ նվիրատուներից էր: Այժմ Բախրուշինի անվան թանգարանում ձևավորվել է նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հարուստ արխիվ»,- նշել է թանգարանի համակարգող Ալեքսանդր Ռուբցովը:

Նրա ասելով «Առանց օրենքների գիսաստղը» Պլիսեցկայային նվիրված 4-ր ցուցահանդեսն է, որտեղ հիմնական ուշադրությունը բևեռվել է նրա բեմական կերպարների վրա՝ այդ եղանակով ներկայացնելով մեծ պարուհու տաղանդի բազմազանությունը:

Ցուցադրանքում ներկայացված են Պլիսեցկայայի բեմական հագուստները, որոնք նրա համար ստեղծել են Վալերի Լևենտալը, Սիմեոն Վերսալաձեն, Պիեռ Կարդենը, Իվ Սեն Լորանը, Բորիս Մեսսերերը:

Բացի այդ այցելուները հնարավորություն կունենան դիտել արտիստուհու մասին վավերագրական ֆիլմեր, տեսագրված հարցազրույցներ, պարուհուն տարբեր բեմական կերպարներում ներկայացնող քանդակներ:

Ի դեպ, քանդակագործության ժանրում Պլիսեցկայային ներկայացնող մեկ աշխատանք առաջին անգամ կներկայացվի այցելուներին: Քանդակագործ Վիկտոր Միտրոշինի այդ ստեղծագործությունը, որի գաղափարը նա ժամանակին քննարկել է պարուհու հետ, կոչվում է «Կարմեն»:
    Դիտվել է 708 անգամ