Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ձեն վարպետի այսօրվա ուսանողները շատ շուտ են վիրավորվում



1991թ.-ին Լիտվայում հայտնի ռեժիսոր Կյաստուտիս Մարչուլինասը անվանափոխվեց և ընդունելով բուդայականության 10 ուխտերը, Կորեայում դարձավ տաճարական հոգևորական և ուսուցիչ: Նա իր համար ուղեցույց ընտրեց Ձեն վարպետ Սու Բոնգին և, ի վերջո, 2009թ.-ին դարձավ Կորեական ամենախոշոր Բուդդայական Չոգե օրդենի հոգևորական: Այսօր նա ունի նոր անուն՝ Բո Հենգ Սունիմ:

Ստանձնելով աշխարհի և հավատի մասին նոր ընկալումները, Բո Հենգ Սունիմը իր կապերը չկտրեց եվրոպական մշակութային տարածության հետ և գործնականում այսօր էլ գտնվում է ակտիվ հաղորդակցության մեջ, ինչպես իր ծննդավայրի՝ Լիտվայի և մերձբալթյան մյուս հանրապետությունների, այնպես էլ այլ եվրոպական երկրների հետ:

Այսօր, օրինակ, նրան Լիտվայում գիտեն Կաունաս քաղաքի Ձեն կենտրոնին ցուցաբերած օժանդակությամբ, բուդդայականության տեսության իր պարզաբանումներով և հասարակական գործունեությամբ:

Վերջերս լիտվերեն հրատարակել է Կորեայում եվրոպացի հոգևորականի կյանքի մասին գիրք, տարբեր հեռուստատեսային հաղորդումների մասնակցելով լիտվական լսարանին ներկայացրել է բուդդայականություն նկատմամբ առաջացած իր հոգևոր մոտիվացիաները, որոնք, ի վերջո, նրան դարձրեցին Չոգե օրդենի մի մասնիկը:

Իսկ տակավին վերջերս, 2018թ.-ի գարնանը, Բո Հենգ Սունիմը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում ցուցադրեց իր «Ոսկե տաճար» ներկայացումը: Թե ինչպես են նրա մեջ միմյանց հետ համադրվում բուդդայականությունը և արվեստը, հոգևորականն ու արտիստը, նա ասում է, որ բուդդայական հավատի մշակութային տիրույթում դերասանական գործունեությունն, ընդհանրապես, շատ լայն տարածում չունի, ավելի ճիշտ այդ հանգամանքը կախված է բուդդայականությունը դավանող կոնկրետ երկրից:

Ճապոնիայում, օրինակ, հոգևորականները կարող են կազմակերպել թեյի թատերականացված արարողություններ, նվագել ֆլեյտայի վրա, հանդես գալ թրերով կամ նետ ու աղեղով:

Կորեայում դրան վերաբերվում են ավելի խիստ: Ելույթ կարելի է ունենալ ղեկավարի հատուկ թույլտվությամբ: Երբեն հոգևորականները կազմակերպում են փակ փառատոներ, սակայն հանդիսատեսներ շատ քիչ թվով են լինում, քանի որ նրանց չեն հրավիրում:

Կարևոր է հասկանալ, որ բեմում խաղալը դա աստծո պարգև է, որի մեջ ի սկզբանե չի կարող դատապարտելի ոչինչ լինել: Իսկ թե որ ուղղությամբ մարդը կզարգացնի այն, կախված է միայն իրենից:

Բո Հենգ Սունիմը իր դերասանական մասնագիտությունը բուդդայական հոգևորականներին ցուցադրել է իր մի հավատակցի ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ: Ուսուցիչները սաներին խնդրել են ցուցադրել, թե ով ինչ կարող է անել: Ինքը ցուցադրել է հինգ րոպե տևողությամբ մնջախաղ կյանքի և մահվան մասին: Դա բոլորին դուր է եկել: Մնջախաղը դիտելու համար նրան սկսել են հրավիրել նաև այլ մենաստաններից: Իր ուսուցիչը նույնիսկ թույլատրել է նման ներկայացումներով հանդես գալ նաև ուրիշների առջև:

«Յուրաքանչյուր մարդ պետք է աշխարհ բերի բարին, այն ինչ կարող է: Ես կարողանում եմ հետաքրքիր պատմել ինչ-որ պատմություններ: Դա էլ, ըստ էության, նշանակում է դերասանական վարպետություն»,- ասում է Բո Հենգ Սունիմը:

Այդպես ծնվել է «Ոսկե տաճար» ներկայացումը: Նա պարզապես լսողներին պատմել է պատմություններ: Հետո որոշել է լույս դնել, ավելացնել երաժշտություն, որպեսզի ստացվի իրական բեմադրություն:

«Ոսկե տաճար»-ը մենաներկայացում է: Պատրաստվել է Ճապոնացի դասական գրող Յուքիո Միսիմիի նույնանուն վեպի հիման վրա: Այն պատում է Քիոթո քաղաքում գտնվող հայտնի ճարտարապետական հուշարձանը՝ Քինքաքու-ձի տաճարը հրդեհած բուդդայական հոգևորականի մասին:

«Ինչու է նա հրդեհում հրաշալի տաճարը, որտեղ ինքն ապրում է և որով, մանկական տարիներին, այնքան հիացել է: Դե, առաջին հայացքից ասում ենք, որ նա խելագար է: Սակայն գլխավորը բոլորովին այլ է: Ցանկությունը ոչնչացնել այն, ինչը քեզ համար թանկ է, հայտնվում է, երբ հայտնվում է ամեն ինչի մեջ իդեալ տեսնելու ցանկությունը»,- մեկնաբանում է իր ներկայացման ենթատեքստը Բո Հենգ Սունիմը և ավելացնում, որ այդ իդեալը մարդը չի կարող գտնել ոչ տաճարում, ոչ էլ կյանքում:

«Այնտեղ և կեղտ է, և ոչ պարզ հարաբերություններ մարդկանց միջև, և սուտ: Ես ինքս հոգևորական եմ: Ես իրավիճակը գիտեմ ներսից»,- ասում է արտիստ-հոգևորականը և նշում, որ մարդն իր գլխում ստեղծում է իդեալական կերպար և, եթե իրականությունը դրան չի համապատասխանում, նրան ոչինչ չի մնում անել, քան այն ոչնչացնելը՝ այրել տաճարը:

Լուծման այդ տարբերակին Բո Հենգ Սունիմը համաձայն չէ: Նա հիշում է, որ, մի անգամ Լեհաստանից Կորեա են ժամանել հոգևորականներ, որոնք «բյուրեղյա մաքրության հավատի» հետևորդներ էին:

Վերջիններիս մեջից երեքը տեսնելով բուդդայական հոգևորականներին բասկեթբոլ խաղալիս, որոշել են հրաժարվել հոգևորական ուխտից: Նա լեհ հյուրերի այդ քայլը դժվարանում է անվանել իմաստուն: «Իդեալիզմը մեզ հետ կարող է չար կատակ խաղալ: Դրա համար պետք է կարողանալ սահմանազատել գլխավորը և անկատարելությունները, որոնք նույնպես այս աշխարհի անբաժանելի մասն են: Չկան այնպիսի մարդիկ, որոնք ապրեն առանց սխալների»,- ընդգծում է Բո Հենգ Սունիմը:

Նա թատրոնը համարում է մեծ ուժ: Նա նշում է, որ կյանքում շատ է կեղտը և հուսահատությունը և մարդիկ թատրոն են գնում, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Այդ պատճառով, ինչպես հոգևորականները, այնպես էլ դերասանները օժտված են կարևոր առաքելությամբ՝ նրանք պետք է մարդկանց տանեն իրենց ետևից: Իսկ որպեսզի դրա համար ունենաս ընդունակություն, պետք է ինքդ աճես: Իսկ թե ինչպես աճես, Բո Հենգ Սունիմը կարծում է, որ սկզբի համար պետք է ապրես մաքուր, ազատ ժամանակդ չանցկացնես ակումբներում, չօգտագործես թմրանյութեր, չհարբես, սուտ չխոսես....

«Մարդուն, որ խոսքերը սովորական կյանքում տարբերվում են գործից, շատ դժվար է բեմի վրա լինել համոզիչ»,- ասում է հոգևորական-արտիստը:

Ըստ նրա, ի բարեբախտություն բոլորի, ժամանակակից երիտասարդ արտիստները ոչ հազվադեպ են սկսել հասկանալ այդ սկզբունքը: Նա կարծում է, որ իրեն սերնդակից դերասանների մոտ այդ գիտակցության մեջ, սեփական կյանքի չափորոշիչներն ընտրելու հարցում, չի եղել: Բայց մյուս կողմից, թատերական ուսումնարանների այսօրվա ուսանողները շատ շուտ են վիրավորվում և սուր արձագանքում ցանկացած նկատողության: Իսկ իմաստությունը բոլորովին այլ բանի մեջ է՝ կարողանալ հանդարտ լսել և ինչ-որ բան սովորել: Եվ այդ պարագայում կարևոր չէ, դու 20, թե 92 տարեկան ես:

Ըստ Բո Հենգ Սունիմի, անձի ինքնազարգացման տիրույթում չպետք է լինի այլոց հետ մրցույթի մեջ մտնելու մտածողություն: Պետք չէ անընդհատ մտասևեռվել այն մտքի վրա, թե ով է ավելի լավը: Զարգացիր ինքդ և աչքի տակով մի նայիր ետ: Մի սպասիր դերերի թատրոնում, այլ գործիր: Կազմակերպիր բանաստեղծական երեկո հանդիսատեսների ոչ մեծ շրջանակի համար՝ թող սկզբում նրանք լինեն քո բարեկամները: Գոնե ինչ-որ մի ժամանակահատված մոռացիր ամբիցիաներիդ մասին: Այն պահին, երբ մոռանում ես ինքդ քեզ, սկսվում է իսկական արվեստը: Պատմությունը մարդկանց պատմիր այնպես, որպեսզի նրանց համար դա հետաքրքիր լինի, և հանդիսատեսը կգա: Եթե դու կբավարարվես քո արածից, ապա կդառնաս հանգիստ, և ռեժիսորը թատրոնում դա անպայման կնկատի:
«Երբեք մի բողոքեք. եթե դեր չեն տալիս, քիչ են վարձատրում... Բողոքելը շատ վատ սովորություն է, որից դժվար է ազատվել»,- ասում է Բո Հենգ Սունիմը:

Ըստ նրա մեր ժամանակներում բոլոր մարդկանց մոտ ստրեսսներ կան, իսկ դրա պատճառը շատ պարզունակ է:

Երբ մարդը հիվանդանում է, նրան բոլորը ուշադրություն են ցուցաբերում: Շատ մարդիկ հիշում են. «Մայրիկն ինձ սիրում էր, երբ ես հիվանդանում էի: Կյանքիս լավագույն ժամանակն էր»: Բո Հենգ Սունիմն ասում է. «Ոչ, ես չեմ սիրում հիվանդանալ, տաքություն, հազ... Դա ինձ դուր չի գալիս»: Բայց երբ մայրիկը գնել է խաղալիքներ, որոնք երեխան վաղուցվանից էր խնդրում.... «Եվ հիմա էլ ես 52 տարեկան եմ, և երբ սկսեմ բողոքել, կրկին ամեն ինչ ստանում եմ: Հենց ասեմ, որ ինձ մոտ հոգեկան ճգնաժամ է, մարդիկ անմիջապես շտապում են ինձ մոտ խղճալու, օգնելու: Քանի դեռ այդ բառը չեմ արտաբերել, ոչ մեկի պետքը չեմ»,- ասում է նա և ամփոփում իր խոսքը. «Երբ մարդը գիտակցում է իրեն շարժման մեջ դնող մոտիվը, ապա դադարում է ինքն իրեն խաբել և կարող է ինչ-որ բան ուղղել»:

Բոլոր մարդկանց համար ամենագլխավոր բաներն ընդհանուր են՝ սեր, ցավ, մահ, ծնունդ... Պետությունները հաստատում են սահմաններ, պատերազմներ են սանձազերծում: Բայց ինչ սահմաններ կարող է ունենալ սերը: Չկան սահմաններ: Լացող երեխային մխիթարելու է գալիս, նույնիսկ, շունը: Կան բաներ, որոնք հասկանալի են բոլոր ազգությունների ու մասնագիտությունների մարդկանց և արվեստը խոսում է հենց այդ մասին: Արվեստը պետք է միավորի և հաշտեցնի: Դա է նրա նշանակությունը:
    Դիտվել է 1021 անգամ
    1234567891011>>հաջորդ