Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էյմունտաս Նակրոշյուսի սեփականը պնդելու ունակությունը

12.17.2018

«Ես այդքան էլ շատ չեմ սիրում այդ հասկացությունը՝ «Ռեժիսորական թատրոն»,- խոստովանել է լիտվացի լեգենդար ռեժիսոր Էյմունտաս Նակրոշյուսը ռուսական «teatral-online.ru» կայքին մահից առաջ տրված, թերևս, իր վերջին հարցազրույցում: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է է «taglur.am»-ը


Ռեժիսորը չի ժղտում, որ վերջին դարն, իրոք, եղել է ռեժիսորների դարաշրջան: Այդ փաստը թաքցնել հնարավոր չէ: Սակայն դրանով հանդերձ, նա կարծում է, որ պետք է հիշել. «Ռեժիսուրան երկրորդական, ածանցյալ մասնագիտություն է: Այդ պատճառով պետք է ավելի համեստ լինել»:

Նակրոշյուսը կարծում է, որ ամեն ինչի հիմքում գրականությունն է, որը նրան, ընդհանրապես, թվում է արվեստներից գլխավորը: Բայց նա չի ժխտում, որ ինչ-որ մեկն էլ այդպիսին կարող է համարել, օրինակ, երաժշտությունը...
«Կարող է լինել,- համաձայնվում է այդպիսի հակադրությանը ռեժիսորը, սակայն ավելացնում,- բայց ինձ համար հիմքը գրականությունն է»:

Նա խոստովանում է, որ ամբողջ կյանքի ընթացքում նախանձել է այն մարդկանց, որոնք կարողանում են գրքեր գրել, հորինել պատմություններ: Եվ թվարկում է՝ Գյոթե, Դանթե, Շեքսպիր... «Հսկայական աշխարհ է, և թատրոնը միայն նրա մի մասն է, նրա ածանցյալը...»:

Նակրոշյուսը այն եզակի ռեժիսորներից է, որի բեմադրություններով ամենաուղղակի իմաստով սնվել են բազմաթիվ այլ ռեժիսորներ Նա իր աշխատանքը բաց ու թափանցիկ էր կատարում և քիչ չեն դեպքերը, երբ ինքը դեռ շարունակում էր դժվարին ավարտին հասցնել իր հերթական բեմադրությունը, իսկ ուրիշ թատրոններում, բոլորովին մեկ այլ պիեսի բեմադրության մեջ հանկարծ հայտնվում էին նրա բեմադրական աշխատանքի ինչ-որ տեսարաններ:

Այդպիսի անբարեխիղճ գործընկերների (գրագողերի) մասին խեսելիս նա նշում է. «Ես նրանց արարքը չեմ հասկանում: Ճշմարիտ եմ ասում, չեմ հասկանում «փոխառության» այդ սովորությունը, թեև այն հիմա շատ տարածված է: Ընդ որում, նկատի առեք, տարածված է թատրոնում: Չեմ պատկերացնում գիրք, որտեղ առանց չակերտների մեջ բերվեն այլ հեղինակներից հատվածներ»:

Նա նշում է, որ պատահում է, որ հանդիսատեսը նայում է որևէ ներկայացում, որի տեսարաններից մեկը վերցված է այստեղից, մյուսը՝ այնտեղից, իսկ ամբողջ գործը թողնում է այլոց դրվագներից հավաքված կոնստրուկտոր խաղի տպավորություն:

«Ինձ թվում է, որ այդպես հավաքելով աշխատելը պետք է, որ շատ ձանձրալի լինի: Այնտեղ դիտել, ու թռցնել այս կողմ...»,- դառնությամբ նշել է ռեժիսորը և հիշել, որ իր բոլոր վարպետաց դասերի ժամանակ ինքը անընդհատ հորդորում է երիտասարդ ռեժիսորներին, որպեսզի չվախենան իրենք՝ հենց իրենք լինելուց.. «Թող լինի անվարժը, անկատարը, բայց սեփականը, քան թե գրագետը, բայց ուրիշինը»,- ընդգծում է Նակրոշյուսը:

Նա կարծում է, որ մարդը պետք է ապրի սեփական կյանքով, թող որ ոչ հեշտ, բայց ոչ ուրիշի, թեկուզ փայլուն, կյանքով:

«Կարելի է խաբել հանդիսատեսին, որը չի բացահայտի «մեջբերումը», բայց ինքդ քեզ չես խաբի: Երբ հաջողվում է անել ինչ-որ սեփական մի բան, դա կատապուլտ է հոգիդ ընդարձակելու համար: Չէ՞ որ, մենք հանուն դրա էլ աշխատում ենք: Հակառակ դեպքում՝ էլ ինչու՞...»,- զարմանում է Նակրոշյուսը:

Նա համոզված է, որ թատրոնը դառնում է հետաքրքիր, երբ չես հասկանում, թե ինչպես է բեմադրությունը արված:

«Կարկատաններով արվածը ձանձրալի է, թեև, թվում է, որ արված է գրագետ և հոջողություն է վայելում,- ասում է նա, ապա նշում, որ հաճախ դիտում ես բեմադրություններ, որոնք ինչ-որ նշանների պատճառով ռեժիսորին անուն չեն բերում, սակայն «կառչում են քեզնից, որովհետև չես հասկանում, թե ինչպե՞ս է դա արվել»:

Նա նաև արձանագրում է, որ ռեժիսորը կարող է ապրել ինչ-որ տեղ՝ կենտրոնից հեռու, խորքերում և հայտնի չդառնալ: Սակայն, նա անում է այնպիսի բաներ, որոնք դու չես կարող անել, բայց որոնք թողնում են ուժեղ տպավորություն:

Կյանքի վերջին շրջանում Նակրոշյուսը հիմնականում բեմադրում էր աստվածաշնչյան «Երգ-երգոցի» , Դոստոևսկու «Ապուշ» վեպի, Դանթեի «Աստվածային կատակերգության» տարողունակության գործեր:

Այդ հետաքրքրությունը նա բացատրում էր այն հանգամանքով, որ պիեսներն իր համար ձանձրալի են դարձել... Դրա պատճառը նա համարում էր այն, որ ինքը լավ է պատկերացնում, թե ինչպես կբեմադրեր այդ տեքստերը, ինչպիսի հնարքներ կօգտագործեր: Սակայն նա ասում էր. « Ինչպես բեմադրել «Աստվածային կատակերգությունը», ես չգիտեմ: Դրանից առաջանում է մոլուցք: Ես միշտ ձգտել ու ձգտում եմ մասնագիտության մեջ անել միայն այն, ինչը ինձ հետաքրքիր է: Սա մի այսպիսի էգոիզմ է, թերևս: Բայց ինձ մոտ դա այդպես է: Ես նաև երիտասարդներին եմ խորհուրդ տալիս՝ չմտածել այն մասին, թե ինչպես է ստացվելու, ինչ գնահատական են տալու: Պետք աշխատել քեզ համար»:

Նակրոշյուսը կարծում է, որ թերևս վատ է, երբ ստեղծագործողը դեռ հայտնի չլինելու պատճառով հետաքրքիր չէ ուրիշներին: Սակայն շատ անգամ ավելի վատ է, երբ դու անհետաքրքիր ես ինքդ քեզ... «Ինչ վերաբերում է հանդիսատեսին...»,- ասում է նա ու հիշում,- «Մի անգամ «Համլետ» ներկայացման ժամանակ դահլիճում կար 20 մարդ... Տհաճ է: Բայց դրան պետք է դիմանալ: Իսկ հետո եղան հազարավոր նստատեղերով դահլիճներ...»:

Նրա ասելով, իհարկե, յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչն է իր համար կարևորը: Սակայն, մասնագիտական առաջին իսկ քայլերից պետք է սովորել հավատալ ինքդ քեզ, պնդել քո տեսլականը և ոչ թե ծռմռվել հանդիսատեսի կամ ղեկավարության առաջ:

«Ջահել ժամանակ ես շատ կատեգորիկ էի»,- հիշում է Նակրոշյուսը և նշում , որ երբ դեռ նոր-նոր էր սկսում, ցանկացել է իրեն ոչ հարմար վաստակավոր արտիստին հանել բեմադրությունից: Դրա պատճառով մեծ աղմուկ է առաջացել... «Հիմա ես հասկանում եմ, որ ինձ կարող էին թատրոնից հեռացնել, ուր միայն նոր էի ոտք դրել և այլ տեղ չունեի, որ գնամ (այն ժամանակ Վիլնյուսում միայն երեք թատրոն կար և չեմ կարծում, որ որևէ մեկը կընդուներ աղմկարարին), բայց ես իմն էի պնդում: Երևի իմ բախտը բերել է թատերական ղեկավարությանս հարցում: Նա ինձ պաշտպանեց: Իրենը պնդելու ունակությունը մեր մասնագիտության գլխավոր որակներից մեկն է»,- ամփոփում է իր ասելիքը ռեժիսորը:








Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com




    Դիտվել է 867 անգամ
    12345678910