Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում աշխարհի գեղեցկության ու ողբերգականության մասին

01.16.2014


Այսօր Սանկտ-Պետերբուրգի «Мастерская» (Արհվեստանոց) թատրոնում տեղի կունենա կոլումբացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հիշելով իմ դժբախտ պոռնիկներին» վեպի հիման վրա ռեժիսոր Եկատերինա Գորոխովսկայայի բեմականացրած նույնանուն ներկայացման պրեմիերան: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն է Գրիգոր Կոզլովը:

«Մոգական ռեալիզմի» ակնառու ներկայացուցչի այս աշխատանքը իրարամերժ կարծիքներ ու վերաբերմունք առաջացրեց հասարակության մեջ: Վեպի հրապարակումից հետո փորձ արվեց նույնիսկ արգելել գրքի վաճառքը: Այս հակամարկեսյան շարժման ընթացքում իրենց իրավունքներն առավել ոտնահարված էին համարում հատկապես ֆեմինիստուհիները:

Ներկայացումը հանդիսատեսին զրույցի է հրավիրում սիրո տարիքի ու մարդու ծերության թեմայով: Ըստ Մարկեսի դրանք միմյանց չխաչվող տիեզերքներ են: Եվ միայն ուշացած սիրո հետ, որը, որպես օրինաչափություն, հասարակության մեջ դիտարկվում է սահմանից անդին գտնվող իրողություն, գալիս է այս աշխարհի գեղեցկության ու ողբերգականության գիտակցումը:
    Դիտվել է 921 անգամ