Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակ» շնորհվեց «Ակադեմսերվիս» ընկերությանը և Տամբովի փոխնահանգապետին

04.19.2014

Սանկտ-Պետերբուրգի «Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի» ռեժիսոր Լև Դոդինի բեմականացրած «Սեր և խարդավանք» ներկայացումը, լավագույնն է ճանաչվել դրամատիկական ստեղծագործությունների մեջ և արժանացել է «Ոսկե դիմակ»-ի:

Իսկ դրամայի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռիմաս Տումինասը՝ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում իր բեմադրած «Եվգենի Օնեգին» ներկայացման համար:

Մոսկվացիներից պատվավոր մրցանակի են արժանացել նաև Պուշկինի անվան թատրոնի արտիստուհի Ալեքսանդրա Ուրսուլյակը՝ «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ կնոջ լավագույն դերակատարման և «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի դերասան Ալեքսեյ Վերտկովը՝ «Մոսկվա-Պետուշկի» ներկայացման մեջ Վենիչկայի դերակատարման համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի «Պատարագ զերո» ներկայացման մեջ տատիկի կերպարը մարմնավորած Էրա Զիգանշինային:

Փոքր ձևի լավագույն դրամատիկական ներկայացում է ճանաչվել Զելենոգրադ քաղաքի «Վեդոգոն-թատրոնի» ներկայացրած «Վասսան»:
Նշենք, որ «Լավագույ դրամա» անվանակարգում Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Լիսվայի, Յարոսլավլի, Զելենոգրադի, Վորոնեժի, Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի և Պերմի թատրոնները ներկայացնող 22 բեմադրություններ էին ընդգրկվել:

Իսկ ռեժիսորական անվանակարգերում, որտեղ ավանդաբար միմյանց հետ մրցում են կամերային և մեծ ձևի ներկայացումները, ընդգրկվել էր 20 աշխատանք:

Ապրիլի 18-ին կայացած մրցանակաբաշխության մեջ առանձնակի դեր ունի պատվավոր «Ոսկե դիմակ»-ի հանձնման պահը: Այս անգամ այն շնորհվեց Գալինա Վոլչեկին, Մարկ Զախարովին, Նինա Ուրգանտին, Օլեգ Բասիլաշվիլուն, Աննա Կուզմինային, Գեորգի Օբուխովին, Կլարինա Շադկոյին, և Էրի Կլասին:

Նրանք մրցանակին արժանացել են «թատերական արվեստի մեջ նշանակալից ավանդ ներդնելու համար»: Թատերական գործիչներին պարգևները հանձնեց այս ստուգատեսի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը:

«Ռուսաստանի մշակույթին օժանդակելու համար» անվանակարգում «Ոսկե դիմակ» շնորհվեց «Ակադեմսերվիս» ընկերությանը և Տամբովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Չեբոտարյովին:

Ռուսաստանցի թատերական քննադատների կողմից «Ոսկե դիմակ» շնորհվեց Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի «Իդեալական ամուսինը» ներկայացմանը, որի ռեժիսորն է Կսնտանտին Բոգոմոլովը:

Լավագույն օտարերկրյա ներկայացման համար նախատեսված «Ոսկե դիմակ»-ը բաժին հասավ Համբուրգի «Thalia» թատրոնի «Այնտեղ, դռան ետևում» ներկայացմանը, որը բեմադրել է նշանավոր ռեժիսոր Լյուկ Պերսեվալը: Այս մրցանակի ճակատագիրը որոշվում է թատերական քննադատների և լրագրողների կարծիքների հիման վրա: Դրա համար նրանց է բաժանվում Մոսկվայում, Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում օտար բեմադրիչների ներկայացրած համապատասխան ներկայացումների վերաբերյալ հարցաթերթիկներ, որոնց ամփոփման արդյունքում էլ որոշվում է հաղթողը:

    Դիտվել է 954 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111