Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եթե ներկայացումները չեղյալ չհամարեն, ապա կզրկվեն նախարարության հովանավորությունից

06.10.2014


ՌԴ Մշակույթի նախարարությունը պահանջել է չեղյալ համարել երկու ներկայացումներ, որոնք պետք է ցուցադրվեին «COLTA.RU» համացանցային ռեսուրսի կողմից՝ Մոսկվայում կազմակերպված Գրքի փառատոնի ժամանակ: Այդ մասին կազմակերպության կայքում հրապարակած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը վերաբերում է Օլժաս Ժանայդարովի «Բարձի հոգին» մանկական պիեսի բեմադրությանը, որն իրականացրել է Ս. Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսոր, «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր Բորիս Կոնստանտինովը և Մաքսիմ Կուրոչկինի «Խոտակերները» պիեսի ներկայացման մասին, որը բեմադրել է Կարելիայի տիկնիկային թատրոնի ռեժիսոր «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր Նատալիա Պախոմովան:

«Ըստ առկա տեղեկատվության «Բարձի հոգին» ներկայացման մեջ կարող են լինել համասեռամոլության քարոզի նշաններ՝ հասցեագրված անչափահասներին: Իսկ «Խոտակերները» պիեսը պարունակում է չթույլատրված հայհոյախոսություն»,- նշված է Մշակույթի առաջին փոխնախարարի կողմից ստորագրված նամակում:

Փոխնախարարը նշել է, որ երկու պիեսների բովանդակությունը հակասում է «ռուսական մշակույթի մեջ ընդունված ավանդական բարոյական արժեքներին: Նա նաև նշել է, որ, եթե այդ ներկայացումները մնան միջոցառման ծրագրում, ապա խոստանում է չեղյալ համարել Մշակույթի նախարարության պաշտոնական հովանավորությունը այդ փառատոնին:

Փառատոնի կազմակերպիչ կայքը՝ «COLTA.RU» -ն տեղեկացնում է, որ ներկայացումների ցուցադրությունը տեղափոխվելու է նոր բեմահարթակ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
    Դիտվել է 972 անգամ