Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալիայի պատմական հուշարձաններում մեկնարկել է ամառային թատերաշրջանը

06.26.2014


Հունիսի 24-ին Հռոմի օպերային թատրոնում, Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայով Իտալիայում սկսվեց ամառային օպերայի սեզոնը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բիզեի օպերան ներկայացվեց Ապենիններում հանրաճանաչ Վիտորիո հրապարակի նվագախմբի մեկնաբանությամբ՝ մեր թվարկության 3-րդ դարին թվագրվող «Terme di Caracalla» հնավայրում:
Օպերային սեզոնի ընթացքում Հռոմի բնակիչներին և հյուրերին նույն վայրում կցուցադրվեն նաև Ջակոմո Պուչինիի «Բոհեմա», Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերաները: Նշենք, որ այս ծրագրում մեծ տեղ է հատկացվել նաև բալետին:

«Կարմեն» օպերայի մեկ այլ բեմադրություն, իրականացված լեգենդար ռեժիսոր Ֆրանկո Ձեֆերելիի կողմից, կբացի հայտնի «Արենա դի Վերոնա» թատրոնի 101-րդ ամառային թատերաշրջանը: իսկ մ.թ.ա. 1-ին դարի պատմական հուշարձան հին Հռոմեական կրկեսում իր եզակի և միակ մենահամերգը կտա Վերոնայի ամենամյա հյուր, տենոր Պլասիդո Դոմինգոն: Իսկ այս ծրագիրը կեզրափակվի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայով, որը «Արենա դի Վերոնա» թատրոնի ամառային սեզոնի պարտադիր կետն է:

Իտալիայում բնական դեկորացիաներ են դարձել ոչ միայն հին հռոմեական կառույցները:

Այս տարի Մաչերատա քաղաքում իր հոբելյանական 50-րդ սեզոնը կբացի «Արենա Սֆերիստերիոն: 1921 թ.-ին կիսակամարի տեսք ստացած թատերական տարածքը հարուստ քաղաքացիների նվիրատվություններով կառուցվել է 1823թ.-ին՝ ձեռքի գնդակ խաղալու համար: Այս նախկին մարզադաշտում ամռան սեզոնին կներկայացվեն «Տոսկա» և «Տրավիատա» օպերաները:
    Դիտվել է 1742 անգամ