Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերաշրջանը փակեցին փողոցում կազմակերպված ներկայացումների շքերթով

07.05.2014

Արբատում կազմակերպված տոնակատարությամբ իր 93-րդ թատերաշրջանն ավարտեց Մոսկվայի Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնը: Հարյուրավոր հանդիսատեսների աչքի առջև, փողոցում ծավալվեց մի ներկայացում, որը արտացոլում էր պատմության նոր էջի վերածված անցած թատերաշրջանը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Այս թատերաշրջանում մենք ունեցանք վեց պրեմիերա, շատ հյուրախաղեր և պարգևներ: Ամենից նշանակալից իրադարձությունը մեր թատրոնի պատմության մեջ իրականացված առաջին համաշխարհային շրջագայությունն էր՝ «Եվգենի Օնեգին» ներկայացմամբ»,- ասել է թատրոնի դերասան Էլդար Տրամովը:

Հենց այդ բեմադրության ներկայացումն էլ դարձավ փողոցում մեկնարկած երեկոյի գլխավոր թեման, որտեղ, անշուշտ, իրենց տեղն ունեին նաև մյուս ներկայացումների առանձին դրվագները:

Երեկոյի վերջում վախթանգովցիների անունից եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը: «Փողոցի տոնը՝ նոր գույն է: Մենք հիանում ենք, թե երիտասարդները ինչպես են դա անում: Վախթանգովի թատրոնը 93 տարեկան է: Մենք պետք է սպասենք ընդամենը 7 տարի և այն ժամանակ Արբատում սեղաններ կբացենք և կնշենք թատրոնի 100 ամյակը»,- նշել է մեծ արտիստը:

Հուլիսի 4-ի երեկոյան թատերական տոնն ավարտվել է հրավառությամբ:

Նոր, 94-րդ թատերաշրջանը Վախթանգովի թատրոնը կբացի սեպտեմբերի 10-ին՝ Բոմարշեի «Խելակորույս օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերայով, որը բեմադրել է ռեժիսոր Վլադիմիր Միրզոևը:
    Դիտվել է 1062 անգամ