Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչու՞ յուրաքանչյուր բալետային արքայազնի մեջ կա Հիսուս Քրիստոսի նկարագիր

07.14.2014



Վերջերս Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացած Ասիա-Խաղաղօվկիանոսյան 4-րդ փառատոնում առանցքային իրադարձություններից մեկը դարձան ռուս գրող Վիկտոր Աստաֆևի արձակի հիման վրա, հայտնի պարուսույց Վլադիմիր Վասիլևի արվեստանոցում ստեղծված բալետային մանրապատումները: Փառաբանված պարուսույցը և բալերոնը այդ առթիվ հարցազրույց է տվել «Իզվեստիա» թերթին:

- Աստաֆևի թեմաներով մի քանի պարային մանրապատումները իրականացվել են գրակա՞ն հիմքի վրա:
- Բալետում սյուժեի ուղղակի փոխադրումը, որպես կանոն, շատ հետաքրքիր չէ: Կստացվի արտապատկերում: Պարի լեզուն ունի այնպիսի առանձնահատկություն, որ մեկ բառն անգամ կարող է մեծ բալետ ստեղծելու առիթ հանդիսանալ, և հակառակը, հսկայական երկխոսությունը հեշտությամբ տեղավորել բալետային 2-3 արտահայտություններում:
Երիտասարդ խորեոգրաֆները, ովքեր աշխատում են իմ արվեստանոցում, Աստաֆևի ստեղծագործությունների վրա կանգ են առել սեփական ընտրությամբ: Պատահել է երկու համընկնում՝ երկուսը վերցրել են «Հովիվը և հովվուհին», սակայն յուրաքանչյուրի մոտ պատկերացումը այլ է: Տեղ-տեղ, ինչպես սովորական հանդիսատեսի մոտ, ես զգացել եմ, որ կոկորդս քերում է: Ուրեմն՝ շատ ճշգրիտ է, ուրեմն՝ նպատակին հասել է:

- Ի՞նչ սկզբունքով եք խորեոգրաֆներին ընդունում Ձեր արվեստանոց:
- Վերցնում եմ բոլոր նրանց, ովքեր անիմաստություններ չեն արարում, ում մոտ զգացմունքներն ու կերպարի մասին միտքը միասին են:

- Նրանք սեփակա՞ն որոշմամբ են գալիս Ձեր մոտ:
- Ոչ, սովորաբար ես նրանց տեսնում եմ մրցույթներում: Իմ գլխավոր խնդիրն այն է, որ հանդիսատեսին ցույց տամ, որ մեր պարուսույցները ժամանակակից պարերի մեջ բոլորովին էլ չեն զիջում արտասահմանցիներին, իսկ հաճախ էլ գերազանցում են նրանց: Ես նկատել եմ, որ մենք ավելի ու ավելի հաճախ ենք կարմիր գորգ փռում յուրաքանչյուր արտասահմանցու ոտքերի տակ, նրան անվանում հանճարեղ, թեև, իրականում, շատ քիչ առնչություն ունի բալետի հետ: Իսկ մեր տաղանդավոր երիտասարդների աշխատանքները սիրտ են հուզում, թափանցում հոգու ներսը:

- Դուք Ձեր սաների մանրապատումները գնահատում եք իմաստավորված լինելու համար: Իսկ ինչպե՞ս եք վերաբերում «սպիտակ բալետին», օրինակ Բալանչինի բալետին:
- Հենց այդպես էլ վերաբերվում եմ, ինչպես աբստրակտի: Բալանչինը հիանալի աբստրակտ կոմպոզիցիաներ է ստեղծել: Նրա սյուժետային գործերը, իմ կարծիքով զիջում են սյուժե չունեցողներին: Բալանչինը իմ սրտի մեջ չի կարողացել թափանցել: Այդպիսի պահ չի եղել, որ իմ աչքերին տամուկ պատեր: Կարծում եմ, որ նա Աստաֆևին նույնպես շատ քիչ բանով կհուզեր:

- Դուք հանդիպե՞լ եք Աստաֆևին:
- Մի անգամ ես նվեր ստացա մի գիրք: Դե գիտեք, գրքեր հաճախ են նվիրում, դնում ես գրադարակին և մինչև կրկին այն ձեռքդ վերցնես, երկար ժամանակ է անցնում: Ինչ-որ առիթով Գորբաչյովը հավաքել էր մտավորականությանը: Ես էլ էի հրավիրվածների թվում: Ճշգրիտ չեմ հիշում նրա խոսքերը, բայց միտքն այն էր, որ արվեստագետները պետք է մտածեն հասարակության մեջ իրենց տեղի մասին և այլն: Նա անկեղծ էր խոսում, բայց վախեցնող աստիճանի խրատական տոնով: Եվ, հանկարծ, ետևից մի ձայն ընդհատեց նրան. «Դուք մեզ մի վախեցրեք, Միխայիլ Սերգեևիչ: Մենք վախեցած ժողովուրդ ենք»: Աստաֆևն էր: Նա միակն էր, որ համարձակվեց պատասխանել նախագահին: Ես այն ժամանակ մոտեցա նրան և հայտնեցի շնորհակալությունս: Իսկ որոշ ժամանակ անց գրադարակից վերցրեցի ինձ նվիրած այն գիրքը և բացահայտեցի, որ այն ինձ է նվիրված հեղինակի մակագրությամբ:

- Իսկ ի՞նչ պատասխանեց այն ժամանակ նրան Գորբաչյովը:
- Ոչինչ էլ չպատասխանեց: Լինում են այդպիսի իրավիճակներ, երբ ոչինչ չես կարող ասել: Երևի հասկացավ, որ իր խրատաբանությունները տեղին չեն:

- Դուք վաղուցվանից ի վեր ցանկանում եք բեմադրել բալետ Բախի Բարձր պատարագի հիման վրա:
- Չեք կարող պատկերացնել, թե որքան վաղուց, նվազագույնը մի 35 տարի կլինի: Մտածեցի այն բեմդրել Վատիկաում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում: Պետք է ներկա լինեին արտիստներ բոլոր մայրցամաքներից: Այս գաղափարը քննարկվեց բավականին բարձր մակարդակով:
Բախի պատարագն իմ համար երաժշտության մեջ գոյություն ունեցող ամենայն լավի խտացումն է: Այն ասես սկսվում է կյանքի ծագումով և ուղեկցում է անխուսափելի ողբերգական ավարտին, սակայն վերջում կրկին ստիպում է հուսալ, որ ամեն ինչ կվերականգնվի: Դա, առավել շատ, կարծես թե, գործողություն է առանց սյուժեի: Վատիկանում բեմականացման իրականացումը շատ բարդ գործ թվաց, իսկ հիմա Կազանի օպերային թատրոնում ես, այնուամենայնիվ, գտա դրանով հետաքրքրված մարդկանց, և գաղափարներս այնտեղ իրականացնելու հնարավորություն ստացա:

- Ինչպիսի պարային լեզվով պիտի նյութականացնեք Ձեր գաղափարը:
- Առավել շուտ նոր դասական և ազատ պարով: Սակայն բալետից բացի բեմում կլինեն մեծ երգչախումբ, նվագախումբ, օպերային մենակատարներ և այդ ամենը պետք է լինի մեկ միասնական ամողջություն:

- Իսկ կերպարներ լինելու՞ են:
- Կերպարներ այնտեղ շատ են լինելու, իսկ հերոսներ՝ երկուսը՝ Տղամարդ և կին: Սկզբում նրանք երեխաներ են, հետո նրանք հասակ են առնում, անցնում կյանքի տարբեր փուլերով: Ներկայացումը ոչ քաղաքական է և ոչ էլ կրոնական, սակայն այնտեղ աստվածային սկիզբը պետք է ներկա լինի, որովհետև երաժշտությունն է այդպիսին: Պատահական չէ, որ այն անվանում են Բարձր պատարագ:

- Ներկայացման մեջ Դուք օգտագործելու՞ եք ձեր գեղանկարչական կտավները:
- Սկզբում մտածում էի, որ պետք է օգտագործեմ: Իսկ հետո հանդիպեցի հիանալի նկարչուհու՝ Սվետլանա Բոգատիրին. նրա գրաֆիկական աշխատանքները ինձ խթանեցին պատարագի ամբողջական լուծումը:

- Երբ է լինելու պրեմիերան:
- 2015թ.-ի ապրիլի 14-15-ին՝ Կազանում, իսկ հետո, ապրիլի 18-ին, իմ հոբելյանի օրը՝ Մեծ թատրոնում:

- Դուք չե՞ք ցանկանում գրել Ձեր հիշողությունները:
- Ես պարտավոր եմ դրանք գրել: Թեկուզ մասերով: Ես անընդհատ սպասում եմ, թե ե՞րբ կունենամ ազատ ժամանակ, իսկ այն, կարող է նաև, ընդհանրապես, չլինել: Այժմ ես ավելի ու ավելի շատ եմ թաղվում աշխատանքի մեջ և դա ավելորդ անգամ հաստատում է այն պնդումը, որ մենք մեր կյանքի ոլորապտույտի առաջին շրջանը շատ դանդաղ ենք կատարում: Այդ պատճառով էլ ոլորապտույտներ է տալիս: Իսկ մենք որքան ավելի ենք մոտենում հեռացումին, այնքան ավելի արագ է կատարվում հաջորդ շրջանը: Հենց նոր դիմավորել ենք Ամանորը, բայց՝ թրախկ..., և ահա հաջորդն է մոտենում: Թվում է, որ դեռ ոչինչ չես արել, որ ամեն ինչ առջևում է, սակայն առջևում ոչինչ չի մնում, ոլորապտույտները ավելի են փոքրացել:

- Դուք արագացումը մինչև հիմա զգու՞մ եք, յուրաքանչյուր տարվա հե՞տ:
- Իհարկե: Մենք մանկության շրջանում միշտ մտածում ենք, երանի շուտ ավարտենք ուսումը, մեծանանք, դառնանք արտիստ: Իսկ հիմա ցանկանում ես կանգնեցնել պահը, ոտքդ կախ գցել, սակայն իրականությունը համառորեն հրում է առաջ: Պատարագը, ես մտածում եմ, որ պետք է սկսեմ հենց այս ոլորապտույտից:

- Բնութագրեք, խնդրում եմ, իսկական բալետային արքայազնին:
- Դա երկնային պարգևով օժտված պարողն է: Նա պետք է իր ներսից լույս ճառագի, լինի ազնիվ: Ավելի պարզ ասած, նա պետք է գեղեցիկ լինի իր բոլոր դրսևորումներում: Եթե գեղեցկությունը միայն արտաքին լինի, կստացվի պլակատ: Արտիստի համար գլխավորն այն է, որ նա բացահայտի հերոսի՝ ինքն իր հետ պայքարելու գծիկները: Բառերն այն մասին, որ վատի մեջ պետք է փնտրել լավը, և հակառակը, ճիշտ են ցանկացած դերի համար: Ստեղծելով Իվան Ահեղին, ես նրա մեջ ընդգծեցի չարին հակադրումը: «Սպարտակ»-ում ամեն ինչ հակառակն էր. Հերոսն անընդհատ կասկածների մեջ էր, չէ՞ որ նա դժվար որոշում պիտի ընդուներ՝ պետք է հաղթեր իր կյանքի գնով: Փաստորեն դա «մահով մահն ուղղիր» գաղափարն է: Գիտե՞ք, երևի ամեն իսկական հերոսի մեջ Հիսուս Քրիստոսի գծերը կան: Եվ եթե փոխանցվեն այն կասկածները, որոնք տանջել են Քրիստոսին, հավանաբար ամեն ինչ կդառնա համոզիչ:

- Կասյան Գոլեյզովսկին ասում էր, որ Դուք հիանալի բնավորություն ունեք: Ճի՞շտ էր ասում:
- Նրա համար, դա երևի ճիշտ է: Բայց, ընդհանրապես, իմ բնավորությունը ոչ այնքան էլ... Ես բռնկուն եմ, բորբոքվող: Բարեհաճ վերաբերմունք մարդկանց նկատմամբ՝ ի վնաս արվեստի, ես չունեմ: Իմ բնավորությունը լավ է միայն մեկ բանում՝ ես ներողամիտ եմ: Նույնիսկ նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել, ժամանակի հետ ես ձեռք եմ պարզում:

- Առաջի՞նն եք պարզում:
- Ոչ: Ի դեպ, մի մարդ կա, որին ես այդպես էլ ձեռքս չեմ պարզել: Բայց հիմա, հավանաբար, կպատասխանեի նույնիսկ նրան: Պարզապես, ես լավը հիշում եմ, վատը՝ մոռանում: Իսկ մարդկանց մեծամասնությունը հակառակն է վարվում:

- Լավ բնավորությունը ստեղծագործող մարդկանց մեջ հազվադեպ է, քան մնացածի մեջ:
- Ես գիտեմ հիանալի արտիստների, ովքեր կյանքում կատարելապես անտանելի են: Բայց և այնպես ես նախընտրում եմ հենց այդպիսի համամասնությունը և ոչ հակառակը: Որքան ինձ պատմեն, թե ինչ անտանելի էր Լերմոնտովը, միևնույնն է, նա իմ մեջ ապրում է որպես իր հանճարեղ ստեղծագործությունների հեղինակ: Արտիստների պարագայում ավելի վատ է: Նույնիսկ այն, որ արձանագրվում է ժապավենին, ժամանակի ընթացքում թվում է ինչ-որ կեղծություն: Արվեստը, որը թվում է ուղիղ նշանակետին է հարվածել, հանկարծ դառնում է ծիծաղելի:

- Օրինակ, հեղափոխությունից առաջ եղած բալե՞տը:
- Դե, այն երբեմն անհնար է դիտել: Իմ պարագայում նույնպես ես ձևեր չեմ թափում: Գուցե և իմ մասնակցությամբ կատարված նկարահանումները նույնպես ինչ-որ պահի ծիծաղ առաջացնեն:

- Ինչու՞ Լերմոնտովը չի պառավում, իսկ Դուք կպառավեք:
- Որովհետև Լերմոնտովը գործ ունի բառերի հետ և ոչ թե կենդանի և անընդհատ փոփոխվող նյութի: Դա վերաբերում է նաև քանդակագործներին, նկարիչներին: Նրանց կարող են կյանքի օրոք չհասկանալ, իսկ հետո բարձրացնել երկինք: Ասացեք, գոնե, մեկ արտիստի, ում չեն հասկացել նրա կյանքի օրոք, իսկ հետո՝ ընդունել են: Չկան այդպիսիք: Իսկ արտիստներն ու խորեոգրաֆները գործ ունեն կենդանի մարդկանց հետ: Եթե ես ձեր վրա եմ կառուցում ներկայացումը, ես պետք է ձեզնից հեռացնեմ ձեր բնավորությունը, ձեր անհատականությունը: Իսկ հետո կգա մեկ այլ սերունդ, որը այլ կերպ կմտածի և չի հասկանա ոչ ձեր բնավորությունը, ոչ իմ բալետը:

- Ինչպե՞ս եք վերաբերում Գրիգորովիչի այժմյան վերածննդին:
- Յուրի Նիկոլաևիչը կատարում է իր գործը: Կատարել է շատ վաղուց: Իրավամբ համարվում է իր ժամանակի ամենավառ խորեոգրաֆներից մեկը: Իսկ հիմա, մեկը մյուսի ետևից, նրա բալետների վերականգնման գործընթաց է սկսվել: Իմ համար այստեղ բացահայտումներ չկան:

- Այսինք դրանք ունեն մաքուր թանգարանայի՞ն իմաստ:
- «Թանգարան» բառը թատրոնի նկատմամբ ես չեմ ընդունում: Թանգարանը լցված է անշունչ նյութի հետ գործ ունեցած նկարիչների աշխատանքներով: Կենդանի թատրոնը վերածել ինչ-որ մի անշունչ բանի, իմ կարծիքով հիմարություն է:

- Դուք երբևէ մտածե՞լ եք կեղծանուն ունենալու մասին:
- Երբեք: Եթե ես իմանայի, որ այսքան մեծաքանակ Վասիլևներ պետք է լինեն, գուցե և մտածեի: Սրանից 60 տարի առաջ հայրս ասում էր. «Մենք Վասիլևներս, ինչպես շների քանդակներ ենք»: Այն ժամանակ, այո քիչ էինք: Իսկ հիմա շատ ենք բազմացել, յուրաքանչյուր երկրորդը Վասիլև է: Ավելին՝ Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլևներն են հսկայական թիվ կազմում: Բայց դա ինձ չի հուզում: Կարևորն այն է, որ յուրաքանչյուրը լինի ինքն իրեն հարազատ:
    Դիտվել է 1396 անգամ
    12345678910