Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ արտիստները Սանկտ-Պետերբուրգում ներկայացրին խաչատրյանական «Գայանե»-ն

07.25.2014

Օրերս Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում Ալ. Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբը հանդես եկավ ՀՀ ժող. Արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրած Արամ Խաչատրյանի «Գայանե» - բալետի ներկայացմամբ: Մարինյան թատրոնի նվագախմուբը ղեկավարում էր հայկական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնը հիմնադրվել է 1932թ.-ին: Այն հանդիսավորությամբ բացվել է 1933թ.-ին:

1938թ.-ին թատրոնը կոչվել է հայ մեծանուն կոմպոզիտոր և մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի անունով, իսկ 1956թ.-ին ստացել է ակդեմիական պատվավոր կոչումը:

Այս թատրոնի շնորհիվ հայ երաժշտասեր և թատերասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ կենդանի շփումներ ունենալ և հաղորդակցվել համաշխարհային և ազգային երաժշտական մշակույթի բեմականացված դասական գործերին թե օպերային և թե բալետի ժանրերում: Այս թատրոնի հիմնադրմամբ մի նոր թափ առավ հատկապես դասական ավանդների վրա հիմնված ազգային երաժշտական մշակույթը: Դրա լավագույն վկայություններից է 1939թ.-ին Արամ Խաչատրյանի ստեղծած «Երջանկություն» բալետը, որը հետագայում վերանվանվեց «Գայանե»-ի:

Ասենք, որ կոմպոզիտորը այս գործը վերջնական տեսքի բերեց անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին, իսկ քիչ ավելի ուշ դրա հիման վրա ստեղծեց երեք սյուիտ՝ համերգային կատարումների համար: Այս գործի դրվագներից առավել հայտնին, անշուշտ, բալետի եզրափակիչ հատվածում հնչող «Սուսերով պար»-ն է:

«Գայանե բալետն այսօր էլ ազգային և դասական պարի մի յուրահատուկ համաձուլվածք է: ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրած ներկայացումն առանձնահատուկ տեղ ունի հայկական ազգային թատրոնի խաղացանկում: Արտիստները այն ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներում և ամենուր, անկասկած, վայելել են մեծ հաջողություն հանդիսատեսների մոտ»,- նշված է Մարինյան թատրոնի պաշտոնական կայքում:

Ի դեպ, ներկայացման հանդիսատեսներից մեկը՝ Այրիս Բլեկը այսպիսի տողեր է թողել հայ արտիստների բեմադրած «Գայանե» բալետի մասին. «Հիանալի բալետ է: Տպավորությունների առատություն է և ամեն ինչ միայն դրական (Խորեոգրաֆիան և երաժշտությունը, հասկանալի է, իրենց բարձրության վրա էին): Հիշողությանս մեջ տպավորվել են նաև հոյակապ դեկորացիաները, որոնք նման էին Մոնեի հսկայական կտավների: Շնորհակալություն»:

Ավելացնենք, որ ներկայացման բեմադրող նկարիչը և դեկորացիաների հեղինակը վրձնի հայ մեծ վարպետ Մինաս Ավետիսյանն է:
    Դիտվել է 965 անգամ