Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիացի նշանավոր ոստիկանը, կոմիսարը, մարդ-նվագախումբը այսօր 100 տարեկան է

07.31.2014

Այսօր ֆրանսիացի նշանավոր կատակերգու Լուի դ՝ Ֆյունեսի ծննդյան օրն է: Լրացավ նրա 100 ամյակը:


Այդ առթիվ «Թագլուրն» ընթերցողներին առաջարկում է հիշել դերասանին նրա արտահայտած հետևյալ հետաքրքիր և ուսանելի մտորմամբ. «Դերասանը, ինչպես երաժիշտը, պետք խաղա ամեն օր: Կինոն ու թատրոնը մեր գամմաներն են, հանդիսատեսը մեր էներգիայի անսպառ աղբյուրը»:

Նրան հայրենակիցներն անվանում էին «Ֆյու-ֆյու»: Նա համարվում է ֆրանսիական կատակերգության խորհրդանիշը: Նա կատակերգու էր ամեն վայրկյան և ամեն տեղ: Մի անգամ, օրինակ, իր դռան վրա կախել էր այսպիսի բովանդակությամբ գրություն, «Ուրախության առևտուր եմ անում ժամը 9:00-ից 18:00-ը»:

Ուրախանալու քիչ թվով ցանկացողներ չհավաքվեցին:

«Ես բավականին երկար սպասեցի նորին մեծություն հաջողության ընդունարանում: Խփում էի դռան զանգն այնքան ժամանակ, մինչև ինձ ներս թողեցին»,- մի առիթով ասել է դերասանը:

Իր առաջին խոշոր դերը նա խաղացել է «Չեն բռնել, ուրեմն՝ գող չես» ֆիլմում, երբ 40 տարեկան էր: Բայց մինչ այս ֆիլմը նա նկարահանվել էր շուրջ 70 ֆիլմերի դրվագներում:

Նա իր դերասանական կարիերայի մասին ասել է. «Ես չեմ ափսոսում իմ կարիերայի դանդաղ զարգացման համար: Այդ դանդաղկոտությունը օգնեց ինձ հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը: Երբ ես դեռ անհայտ մեկն էի, փորձում էի ինձ հանձնարարված փոքր դերերը գունավորել դետալներով, դիմախաղով, ժեստերով: Այդ ձևով ես ձեռք բերեցի կատակերգական որոշակի պաշար, առանց որի չէի կարող կարիերա անել: Այդ պատճառով, եթե սկսեմ նորից, ապա չէի հրաժարվի այդ ճանապարհից»:
    Դիտվել է 1483 անգամ