Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զալցբուրգյան փառատոնին հեռակա կարգով ներկա լինելու բացառիկ հնարավորություն

08.09.2014

Օգոստոսի 15-ին Զալցբուրգում Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Մոցարտի ծննդավայրում 1920թ.-ից անցկացվող ամենամյա փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական «Россия К» հեռուստաալիքին:

Բեմադրությունն իրականացրել է Ալվիս Հերմանիսը: Գլխավոր դերերգերը կատարում են Աննա Նետրեբկոն և Պլասիդո Դոմինգոն:

Զալցբուրգի ամենամյա փառատոնը համաշխարհային նշանակության իրադարձություն է: Միջոցառմանը մասնակցելու համար տարբեր երկրներից ավստրիական այս քաղաքում հավաքվում են հարյուր հազարավոր երաժիշտներ ու դասական արվեստի սիրահարներ: Սովորաբար գլխավոր թեման Մոցարտն է, որի երաժշտությունը փառատոնի օրերին հնչում է ամենուր: Իսկ փառատոնի Մեծ պալատում և այլ բեմահարթակներում ներկայացվում են զանազան բեմադրություններ, տեղի են ունենում համերգներ:

Փառատոնն աչքի է ընկնում իր բարձր երաժշտական մակարդակով, ինչպես նաև ավանդույթների ու նորարականի համադրությամբ: Ռեժիսորական որոնումների միջոցով հայտնի ստեղծագործությունները հանդիսատեսի առջև բացազատվում են նոր ընթերցումներով: Հենց այս փորձարարական ոգու շնորհիվ էլ զալցբուրգյան յուրաքանչյուր փառատոն տարբերվում է նախորդներից:

Հանդիսատեսը նման ակնալիքներ ունի նաև «Տրուբադուր»-ը օգոստոսի 15-ին փառատոնի շրջանակներում իրեն ներկայացնող նշանավոր լատիշ բեմադրիչից և համաշխարհային մեծության երգիչներից:

«Տրուբադուր»-ը Ջուզեպե Վերդիի ամենահայտնի օպերաներից մեկն է: Լիբրետոյի հեղինակը կոմպոզիտորի ընկեր՝ Սալվատորե Կամմարանոն է, որը սակայն երեք ամիս դրա վրա աշխատելուց հետո չի հասցրել ավարտել: Օպերայի գրական տեքստն ավարտին է հասցրել բանաստեղծ Լեոնե Բարդարեն:

Այս ռոմանտիկական դրամայի գործողությունները կատարվում են 15-րդ դարի սկզբներին՝ Արագոնայում և Բիսկայեում: Գործողությունները հագեցած են բանսարկություններով, արյունոտ մենամարտերով, վրիժառությամբ, թույնով, գաղտնիքներով ... Սյուժեի հիմքում ընկած է 19-րդ դարի կնոջ հոգեկան աշխարհը անզուգական ներկայացնողներից մեկի՝ գրող, դրամատուրգ Անտոնիո Գարսիա Գուտերեսի նույնանուն պիեսը:

Իտալացի մեծ կոմպոզիտորի ստեղծագործության այն նոր ընթերցման համաշխարհային պրեմիերային մասնակցում են նաև Վիենայի պետական օպերայի երգչախումբը և ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Օպերայի նոր բեմականացման մանրամասները պրեմիերայից առաջ դեռ չեն բացահայտվում:

Ավելացնենք, որ օպերայի առաջնաբեմային ներկայացումը օգոստոսի 15-ին, ժամը 21:40-ին և 23:30-ին հեռարձակվելու է ռուսական «Россия К» հեռուստաալիքով:
    Դիտվել է 1162 անգամ