Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

200 մլն ռուբլու տեխնիկական վերահարդարում՝ հանուն «Օպերայի ուրվականի»

08.14.2014


Մոսկվայի երիտասարդական պալատը հիմնավորապես փոխում է իր տեխնիկական հարդարանքը աշխարհում ամենամասսայական՝ «Օպերայի ուրվականը» մյուզիքլն իր բեմում ներկայացնելու համար:

Էնդրյու Լլոյդ-Ուեբերի մեծատաղանդ մյուզիքլը, որն առաջին անգամ բեմադրվել է 1986թ.-ին Լոնդոնում, համարվում է տեխնիկապես բարդ և մեծամասշտաբ ներկայացումներից մեկը: Այնտեղ 29 տեսարաններ և համարներ են հաջորդում մեկը մյուսին՝ հանդիսատեսին տեղափոխելով մեկ դեպի Փարիզի օպերա, մեկ ջահերով լուսավորվող ստորգետնյա լճի մոտ, մեկ էլ ուրվականի գաղտնի ապաստարան կամ փարիզյան աստղազարդ երկնքի ներքո գտնվող տանիք:

Հոկտեմբերի 4-ին հանդիսատեսին ներկայացվող բեմադրությունը «Օպերայի ուրվականը» մյուզիքլի ռուսական տարբերակն է և այնտեղ հիմնականում հանդես են գալիս ռուսաստանցի արտիստներ:

Նշենք, որ ներկայացման պրեմիերայից առաջ բեմադրության մեջ գլխավոր դերակատարներից երեքը փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Լոնդոն և «Նորին Մեծության թատրոնում» դիտել այս նույն օպերայի անգլիացի վարպետների կողմից ներկայացվող աշխատանքը:

Մոսկվայի երիտասարդական պալատի տեխնիկական վերահարդարման աշխատանքների համար ներդրվել է 200 մլն ռուբլի: «Դա մեծ գումար է, եթե հաշվի առնենք, որ խոսքը ոչ թե բյուջետային միջոցների կամ պետության կողմից հատկացվող դոտացիաների մասին է, այլ մասնավոր ներդրումների, որոնք պետք է վերադարձվեն ժամանակին»,- ասել է մոնտաժային աշխատանքներն իրականացնող «Սթեյջ Էնթերթեյնմենթ» ընկերության գլխավոր տնօրեն և մյուզիքլի պրոդյուսեր Դմիտրի Բագաչևը:
    Դիտվել է 1164 անգամ