Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնչառական խնդիրներով բեմ բարձրացած Պլասիդո Դոմինգոն խնդրել է հանդիսատեսի օժանդակությունը

08.16.2014


Անցած ուրբաթ Զալցբուրգի նշանավոր փառատոնը մեկնարկել է Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի հաջող ներկայացմամբ, որի ավարտին «բռավո» և «բիս» բացականչելուց բացի հանդիսատեսները ոտքերով դոփել են հատակին՝ դրանով ընդգծելով իրենց մեծ գոհունակությունը բեմադրության նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Գլխավոր դերերգերում հանդես են եկել ռուսաստանցի երգչուհի Աննա Նետրեբկոն (Լեոնորա) և Պլասիդո Դոմինգոն (կոմս դի Լուն):

Ի դեպ, ներկայացումն սկսելուց առաջ Զալցբուրգի փառատոնի տնօրեն Ալեքսանդր Պերեյրան հանդիսատեսներին հայտնել է, որ 73-ամյա իսպանացի մեծանուն արտիստն ունի շնչառական խնդիրներ, բայց և այնպես որոշել է հանդես գալ և խնդրում է հանդիսատեսի օժանդակությունը: Դոմինգոյի այս խնդրանքին ի պատասխան հնչել են երկարատև և բուռն ծափահարություններ:

Ներկայացումը հանդիսատեսի համար ակնհայտ դարձրեց նաև, որ իր կատարողական արվեստում էական նորություն ունի ռուսաստանցի երգչուհի Աննա Նետրեբկոն: «Տրուբադուրը» կարծես վերջնականապես ամրապնդեց երգչուհու մոտ ձայնային նոր որակական մակարդակում հանդես գալու վերջերս նկատվող միտումը: Նա վերջնականապես անցում է կատարել լիրիկական-կոլորիտայինից լիրիկական-դրամատիկական խաղացանկի:

Այս անցման հաստատումն է այն, որ Նետրեբկոն անցած սեզոնի ընթացքում հրաժարվեց մասնակցել եվրոպական մի շարք թատրոններում Շարլ Գունոյի արդեն հայտարարված «Ֆաուստ» օպերայի ներկայացմանը՝ հայտարարելով, որ Մարգարիտայի պարտիան արդեն չի համապատասխանում իր ձայնին:
    Դիտվել է 1226 անգամ