Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ք. Լոյ. «Այս օպերան 130 տարի սպասել է Հասմիկ Գրիգորյանին: Չայկովսկին երջանիկ կլիներ»

09.15.2014

Վիենայի Ան-դեր-Վին թատրոնը իր նոր թատերաշրջանը կիրակի օրը բացել է ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հազվադեպ կատարվող ,,Հրաշագործուհին,, օպերայի բեմադրությամբ: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,Риа Новости,,-ին:

Ներկայացումը, որ բեմադրել են ավստրիացի ռեժիսոր Քրիստոֆ Լոյը և Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի գլխավոր դիրիժոր Միխաիլ Տատարնիկովը և որտեղ հանդես են եկել նաև մի խումբ ռուսաստանցի արտիստներ, ունեցել է մեծ հաջողություն:

Ի տարբերություն Վիենայի պետական օպերայի, Ան-դեր-Վին թատրոնը գործում անտրեպրիզային (մասնավոր) հիմունքներով: Այն 1801 թ.-ին կառուցել է Մոցարտի ընկերը՝ իմպրեսարիո Էմանուել Շիկանեդերը: Այստեղ ձգտում են վիենայի օպերային արվեստի սիրահարների ուշադրությունը գրավել և ժողովրդայնություն վայելող և քիչ հայտնի օպերաներ բեմադրելու ճանապարհով: Դրա համար հրավիրում են փորձարար ռեժիսորների, իսկ յուրաքանչյուր նոր ներկայացում ցուցադրվում է 6 կամ 7 անգամ, որից հետո տեղը զիջում է հաջորդ օպերային: Այս սկզբունքային մոտեցումն էլ բացատրում է, թե ինչպես է ընտրվել «Հրաշագործուհին», որը շատ հազվադեպ կատարվող գործ է կոմպոզիտորի հայրենիքում, իսկ Եվրոպայում բոլորովին անծանոթ:

Ռեժիսոր Լոյը և բեմանկարիչ Քրիստիան Շմիդտը ստեղծել են դինամիկ և պայմանական բեմադրություն, որտեղ գործողությունների հիմնական վայրը 16-րդ դարի Նիժնի Նովգորոդը ամփոփված է նրբատախտակե լակոնիկ տուփի մեջ, որտեղ ցուցադրվում են միայն այդ քաղաքը ներկայացնող ֆոնային բնապատկերներ ինչպես նաև՝ եվրոպական բեմադրություններում Ռուսաստանը ներկայացնելիս, հիմնականում միշտ օգտագործվող, երկու կարևոր բաղադրիչներ՝ օղի և արջ:

Ողբերգության բովանդակությունը կառուցված է կրքերի ու սոցիալական բախումների շուրջ: Իշխանը հանդիպում է պանդոկի տիրուհի, ազատ գեղեցկուհի այրի Նաստասիային, ում կոչում են Քավորկին կամ Հրաշագործուհի, ն ցանկանում է նրան: Իշխանական կիրքը հասցնում է այն բանին, որ գրեթե բոլոր գլխավոր հերոսները զոհվում են:

Անշուշտ Լոյը օպերային հաղորդել է հասարակական հնչեղություն: Առաջին գործողության մեջ Նաստասիայով հրապուրված իշխանը ստիպում է «բարոյականության համար պայքարող մարտիկ Մամիրովին պարել կանացի շորեր հագած և դեմքերը մորուսի պես ներկած թափառաշրջիկ երաժիշտների հետ: Այստեղ ակնարկը շատ թափանցիկ է և ուղղված է «Եվրատեսիլ 2014-ի» հաղթող Կոնչիտա Վուրսթին:

Ներկայացումը որ տևում է 3 ժամ, դիտվում է մեծ հետաքրքրությամբ: Լոյի բեմադրության մեջ հատկապես հաջողված են ստացվել մասսայական , քան թե լիրիկական տեսարանները:

Ներկայացման կենտրոնում Վիլնյուսի օպերայի երգչուհի, սոպրանո Հասմիկ Գևորգյանն է: Երգչուհին օժտված է հարուստ ձայնով և գեղեցիկ արտաքինով, իսկ նրա կատարումն այնքան փայլուն է եղել, որ ռեժիսորը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. ,,Այս օպերան 130 տարի սպասել է Հասմիկ Գրիգորյանին: Չայկովսկին երջանիկ կլիներ,,: Իշխանի հետաքրքիր կերպար էր ստեղծել նաև Մարինյան թատրոնի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին:

Օպերայի հաջողության մեջ զգալի է նաև Առնոլդ Շյոնբերգի անվան երգչախմբի ներդրումը, որը բավականին բարդ համարների վարպետ կատարումներով, փաստորեն, ապահովում է բեմական գործողությունների մեծ մասի հաջող ընթացքը:
    Դիտվել է 1130 անգամ