Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր երկրպագուները վերջին հրաժեշտը կտան լեգենդար արտիստուհուն

09.24.2014

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մոսկվան վերջին հրաժեշտը կտա վախթանգովյան թատրոնի լեգենդար դերասանուհի Գալինա Կոնովալովային: Դերասանուհին իր մահկանացուն կնքեց 99 տարեկան հասակում՝ հանդիսատեսի և գործընկերների մեջ թողնելով տաղանդավոր մարդու և արտիստի բազմաթիվ բարի հուշեր:

Նա սիրում էր կատակել. «Այսօր երիտասարդությունը մշտապես բողոքում է. «Ահ, սարսափելի է, մենք արդեն 30 տարեկան ենք, իսկ ռեժիսորը մեզ գլխավոր դերեր չի տալիս, կյանքը չի ստացվում, պետք է հեռանալ թատրոնից: Տեր Աստված, ես մինչև 90 տարեկանս առանձնահատուկ ոչինչ չեմ խաղացել: Ձեր առջև հսկայական ժամանակ կա»:

Գալինա Կոնովալովան վախթանգովյան թատրոնի հիմնադիրներից ժառանգել էր սուր դիտողունակություն և, անշուշտ, դերասանական վարպետության բարձրագույն դրսևորումը՝ ինքն իր անձի նկատմամբ հումորով մոտեցումը:

«Թատերախմբի ոչ մի հավաք, ոչ մի փորձ կամ Դերասանի տանը կազմակերպված հանդիպում չէր կարող կայանալ առանց նրա, կարծես թե հենց այնպես, ի միջի այլոց նետված սրամիտ ռեպլիկի»,- նշում է «teatral-online.ru»-ն:

Օրինակ, ասենք, 2010թ.-ին իր ստեղծագործական կյանքին նվիրված երեկոյի ընթացքում նա այնքան դիպուկ ռեպլիկներ նետեց իր հասցեին ներբողներ հյուսողներին, որ, կամա թե ակամա, շատ բաներ ամուր խարսխվեցին ներկաների մեջ:

Այսպես, պատմում են, որ այդ երեկո, երբ ընթերցվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի հեռագիրը, որտեղ կային այսպիսի տողեր. « Երբ ես աշխատում եմ Ձեր հետ, Դուք ինձ հիշեցնում եք իմ մայրիկին», անմիջապես հնչեց արտիստուհու մեկնաբանությունը. «Լավ է, գոնե, որ չեմ հիշեցնում տատիկին»: Կամ, երբ թատերագետ Վերա Մաքսիմովան նրան հասցեագրեց իր սիրաշահումը. « Ես նայում եմ Գալոչկային՝ որքան հիանալի տեսք ունի նա, ինչ շքեղ շրջազգեստ է հագել այսօր», հետևեց մեկ այլ ռեպլիկ. «Ընկերուհուցս եմ պարտքով վերցրել»:

Այսպիսի պահերը գեղեցիկ արվեստների սպասավորների և այլոց հավաքները միանգամից վերածում են մտերմիկ ու հաճելի ժամանցի, որտեղ տիապետողը դառնում է մարդկային սրտալից, ջերմ ու ազատ փոխհաղորդակցման հրաշքը:

«Երբ ես լսում եմ ներբողներ և բարձրագոչ արտահայտություններ, ինձ թվում է, թե ես ներկա եմ սեփական հուղարկավորությանս»,- ասում էր նա:

Այսօր նրան երկրպագուները վերջին հրաժեշտը կտան բուռն ծափողջյուններով: Եվ այդ ծափերի մեջ տեղ չի լինի կորստի և սգո պատճառած անդառնալիությանը, այլ կլինի մարդկային և արտիստական անանց արժեքների առջև խոնարհման վեհ զգացում...

Գալինա Կոնովալովային վերջին հրաժեշտի արարողությունը սկսվել է ժամը 12;00-ին՝ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում: Հուղարկավորությունը կկայանա Վագանկովյան գերեզմանոցում:
    Դիտվել է 1121 անգամ