Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայում կկանգնեցվի ծագումով հայ, ռուսաստանցի մեծ արտիստի բրոնզե հուշարձանը

10.03.2014


Ռուսաստանի մայրաքաղաքի «Բոլշոյ Նիկոլաևսկի» նրբանցքում, որտեղ գտնվում են դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովի հիմնած թատրոնը և թատերական դպրոցը, կկանգնեցվի նրա առաջին հուշարձանը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսական թատերական մշակույթի զարգացման մեջ մեծ ներդրում կատարած, ծագումով հայ արտիստի հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 13-ին Մոսկվայի նրա անունը կրող թատրոնին կից Շչուկինի անվան թատերական ինստիտուտի հրապարակում: Այդ իրադարձությունը կկատարվի Շչուկինի ուսումնարանի 100-ամյա հոբելյանի շրջանակներում:

«Երբ մտածում էինք այն մասին, թե ինչպես պիտի նշենք մեր ուսումնարանի հոբելյանը, որոշվեց, որ պետք է հուշարձան կանգնեցնենք ի հիշատակ թատրոնի մեծ բարեփոխիչի, ով բեմարվեստի պատմության մեջ բացել է միանագամայն նոր ուղղություն՝ վախթանգովյան դպրոցի ուղղություն»,- ասել է ՌԴ ժողովրդական արտիստ, Վախթանգովի թատրոնի առաջատար դերասան, Շչուկինի անվան ուսումնարանի ռեկտոր Եվգենի Կնյազևը:

Հուշարձանի հեղինակ Ալեքսեյ Իգնատովը ներկայացնելով իր աշխատանքը ասել է, որ այն պատրաստվել է բրոնզից և ներկայացնում է երիտասարդ Եվգենի Բագրատիոնովիչին, ով դուրս է եկել դպրոցից և քայլերն ուղղում է դեպի թատրոն:
    Դիտվել է 939 անգամ