Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական սիրո և կրքի մասին ամերիկյան մյուզիքլ

10.08.2014


Նյու-Յորքի բրոդվեյի թատրոնի բեմում 2015 թ.-ի մարտին հանդիսատեսին կներկայացվի ռուս նշանավոր գրող և բանաստեղծ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա բեմականացված մյուզիքլը: Ներկայացման պրեմիերան նախատեսված է ապրիլի վերջին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Բեմադրության ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը հայտնի Դես Մքանուֆֆն է, որ ամերիկյան թատերական բարձրագույն մրցանակի՝ «Թոնիի» կրկնակի դափնեկիր է: Մքանուֆֆն առավել շատ հայտնի է իր բեմադրած այնպիսի գործերով, ինչպիսիք են «Jersey Boys», «Jesus Christ Superstar» և «The Who’s Tommy» ներկայացումները: Նշենք, որ նա «Դոկտոր Ժիվագո» մյուզիքլն արդեն մեկ անգամ բեմականացրել է Կոլիֆորնիայում:

Մյուզիքլի երաժշտության հեղինակը Լյուսի Սայմոնսն է, լիբրետոն գրել է Մայքլ Բելլերը, երգերի տեքստը՝ Մայքլ Քորին և Էմի Փաուերսը: Ներկայացման գործողությունները ծավալվում են բանաստեղծ և բժիշկ Յուրի Ժիվագոյի ճակատագրի շուրջ: Մյուզիքլի գործողությունները տեղի են ունենում սկզբում ցարական Ռուսաստանում, ապա՝ Խորհրդային Միությունում:

Մյուզիքլի պրոդյուսերներն ասել են, որ իրենց բեմադրության հիմքում դրվել է նաև բրիտանացի ռեժիսոր Դեվիդ Լինի 1965 թ.-ին նկարահանած «Դոկտոր Ժիվագո» կինոնկարը:, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջուլիա Քրիսթին և Օմար Շարիֆը, իսկ երժշտության հեղինակն է Մորիս Ժերրարը:

Այդ ֆիլմը դարձավ կինոռեժիսորի նկարահանած եռապատման ավարտական մասը՝ «Քվեյ գետի կամուրջը» և «Թոմաս Էդվարդ Լոուրենս:Լոուրենս Արաբացին» ֆիլմերի հետո: Դեվիդ Լինի «Դոկտոր Ժիվագոն» միջազգային կինովարձույթում բերեց այդ թվականների համար հսկայական եկամուտ՝ 200 մլն դոլար՝ բոլոր ժամանակների ամերիկյան կինոյի պատմության մեջ առավել հաջողված ֆիլմերի ցանկում գրավելով 8-րդ տեղը:

«Բորիս Պաստեռնակի վեպը սիրո և կրքի մասին պատում է, որը ծավալվում է հեղափոխության ֆոնի վրա: Այն մոդեռնիզմի դասական գործերից է, իսկ Դեվիդ Լինի կինոնկարը Հոլլիվուդի գլուխգործոցներից մեկն է: Այժմ բանաստեղծ և բժիշկ Ժիվագոյի և նրա սիրելի Լարայ գրավիչ պատմության մասին մյուզիքլը պետք է ներկայացվի բրոդվեյան բեմում»,- ասել են պրոդյուսերները:

Հիշեցնենք, որ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը առաջին անգամ հրատարակվել է 1957 թ.-ին Իտալիայում: Դրանից հետո հեղինակը վտարվեց ԽՍՀՄ գրողների միությունից: 1958 թ.-ին գիրքը լույս տեսավ ԱՄՆ-ում: Դրանից հետո Բորիս Պաստեռնակը դարձավ գրականության ոլորտում նոբելյան մրցանակի արժանացած խորհրդային երկրորդ գրողը՝ Իվան Բունինից հետո:
    Դիտվել է 1065 անգամ