Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան հերոսները լուսանկարներում՝ 19-21 դարերի ներկայացումներում

10.18.2014

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի (V&A) թանգարանը մեծ դրամատուրգ Շեքսպիրին նվիրված երկու ցուցահանդես կներկայացնի Ռուսաստանի մայրաքաղաքի Բախրուշինի անվան թատերական թանգարանում: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցահանդեսներից առաջինը կրում է «Լուսանկարելով Շեքսպիրին. Բեմական լուսանկաչության 150 տարի» խորագիրը, իսկ երկրորդը այցելուներին կներկայանա «Կեսը. Դերասանները Սայմոն Աննանդի լուսանկարներում» վերնագրով: Վերնագրի սկզբում նշված «Կեսը» բառը հավանաբար նշանակում է «Կես ժամ», քանի որ Աննանդի լուսանկարները Շեքսպիրի ամենատարբեր ներկայացումների ամենատարբեր հերոսներին վավերացրել են բեմ դուրս գալուց ուղիղ կես ժամ առաջ, հոգեկան և զգացմունքային ապրումների բարձրակետի պահին:

Իսկ ընդհանրապես, ցուցահանդեսներում ներկայացված լուսանկարները պատկերում են շեքսպիրյան պիեսների բեմադրությունների նկատմամբ ամենատարբեր մոտեցումները, որ եղել են Մեծ Բրիտանիայի թատրոններում՝ սկսած 19-րդ դարից մինչև մեր օրերը: Այդ լուսանկարները համեմատելով միմյանց հետ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան յուրահատուկ էքսկուրսիա կատարել տարբեր պիեսների թատերական ձևավորումների, հագուստների, ռեժիսորական մեկնաբանությունների վերջին երկդարյա զարգացումների աշխարհում:

Երկու ցուցադրանքներն էլ կբացվեն հոկտեմբերի 30-ին և կգործեն մինչև 2015թ.-ի հունվարի 15-ը:
    Դիտվել է 1013 անգամ