Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Քլինգհոֆֆերի մահը», փախստականների ողբերգական ճակատագիրը և Մետրոպոլիտեն օպերան

10.20.2014


Նյու-Յորքի հարյուրավոր բնակիչներ մտադիր են բողոքի ցույց անցկացնել Մետրոպոլիտեն օպերայի մոտ, որտեղ հոկտեմբերի 20-ի երեկոյան պետք է ցուցադրվի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ադամսի «Քլինգհոֆֆերի մահը» օպերան: Այդ տեղեկատվությունը «taglur.am»-ի փոխանցմամբ հղորդում է «newsru.com»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Օպերան անդրադառնում է շատ զգայուն քաղաքական թեմայի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Շատ նյու-յորքցիներ համարում են, որ «Քլինգհոֆֆերի մահը» օպերան հակասեմիթական է և գտնում են, որ այն իրավունք չունի ցուցադրվել քաղաքի գյխավոր օպերային թատրոնում:

Այդ ստեղծագործության սյուժեն հիմնված է 1985 թ.-ին տեղ գտած իրական դեպքերի վրա, երբ պաղեստինյան խմբավորումներից մեկի զինյալները Միջերկրական ծովում գրավեցին իտալական «Ակիլլե Լաուրո» զբոսանավը: Այդ գործողության ժամանակ ահաբեկիչները գնդակահարեցին և տախտակամած նետեցին հաշմանդամի սայլակին գամված 69-ամյա հրեական ծագում ունեցող ամերիկացի Լեոն Քլինգհոֆֆերին, ով իր տիկնոջ հետ ծովով ճանապարհորդում էր՝ նշելով համատեղ կյանքի տարելիցը:

Օպերայում «Ակիլլե Լաուրո» զբոսանավում տեղի ունեցած ողբերգությանը զուգահեռ ցուցադրվում է նաև Լիբանանում գտնվող Սաբրա և Շաթիլա ճամբարների փախստականների ողբերգական ճակատագիրը, որտեղ 1982 թ.-ին սպանվեցին մի քանի հազար խաղաղ պաղեստինցիներ:

Սպասվում է, որ բողոքի ցույցին կմասնակցի Նյու-Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին: Ցուցարաները մտադիր են հայտնի մշակութային Լինկոլն կենտրոնի մեջ մտնող Մետրոպոլիտեն օպերայի հրապարակ բերել հարյուր հաշմադամի սայլակ՝ ի հիշատակ Քլինգհոֆֆերի:

«Քլինգհոֆֆերի մահը» օպերան առաջին անգամ ցուցադրվել է 1991 թ.-ի մարտին՝ Բրյուսելում: Այդ ժամանակ ներկայացումը արժանացավ դրական արձագանքների: Մի քանի ամիս անց այն ցուցադրվեց Նյու-Յորքի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում, որտեղ էլ այն, հանկարծ, շատերի համար վիրավորական թվաց: Քլինգհոֆֆերի դուստրերը հայտարարեցին, որ օպերան քարոզում է հակասեմիթիզմ և կատարում է քաղաքական պատվեր:

Այդ օրից հետո այս ներկայացումը դիտել են շատ երկրներում, բայց նրա շուրջ աղմուկը չի դադարում:

Ամռանը Մետրոպոլիտեն օպերան չեղյալ է համարել նոյեմբերին ամբողջ աշխարհի կինոթատրոններում այս ներկայացումը հեռարձակմամբ ցուցադրելու իր ծրագիրը՝ անհանգստանալով, որ դա կարող է հակասեմիթիզմի ալիք բարձրացնել: Կոմպոզիտոր Ջոն Ադամսը թատրոնի այդ քայլը քննադատեց՝ հայտարարելով, որ «Օպերան ոչ մի կերպ չի խրախուսում և չի քարոզում բռնություն, ահաբեկչություն կամ հակասեմիթիզմ»:

«Քլինգհոֆֆերի մահը» օպերան Նյու-Յորքի Մետրոպոլիտեն և Անգլիական ազգային օպերաների համար երկու տարի առաջ բեմադրել է Թոմ Մորիսը, ով նաև «Մարտական նժույգ» հայտնի ներկայացման ռեժիսորն է: Օպերայի լիբրետոյի հեղինակը ամերիկացի բանաստեղծուհի Էլիս Գուդմանն է:
    Դիտվել է 901 անգամ