Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Երջանկության թռչունի» պրեմիերան, ըստ երկրի նախագահի

10.28.2014


Թուրքմենիայի դրամատիկական թատրոնում կայացել է «Երջանկության թռչունը» ներկայացման պրեմիերան, ըստ այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համանուն վեպի: Այդ մասին Թուրքմենիայի պետական տեղեկատվական գործակալության՝ «TDH»-ի հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «chrono-tm.org»-ին:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ վեպի շնորհանդեսը կայացել է դեռևս մեկ տարի առաջ:

Գիրքը նվիրված է Թուրքմենիայի նախագահի հորը՝ «Մյալիքգուլի Բերդիմուհամեդովին, ում մանկությունը անցել է պատերազմի տարիներին»: Ազգի առաջնորդը պատմում է իր հոր մասին՝ ոչ միայն հիշողությունների, այլև վավերագրական նյութերի հիման վրա, տեղեկացնում է լրատվամիջոցը:

«Մտորումներ աշխարհի ճակատագրի և խաղաղության մասին, որը պետք է պահպանել, այս է վեպի և դրա հիման վրա ստեղծված ներկայացման կենտրոնական թեմաներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երիտասարդ Մյալիքգուլին ոչ այնքան պատերազմական ժամանկաշրջանի զավակն է, որքան դրա հերոսը: Հոր Երկրորդ աշխարհամարտի դաշտ մեկնելուց հետո որդու ուսերին են ծանրանում ոչ միայն ընտանիքի հոգսերը, այլև պատասխանատվությունը և ծանր աշխատանքը:

Ներկայացման վերջում հերոսը հանդես է գալիս սիրո և հայրենիքի մասին մենախոսությամբ և գովաբանում է նախնիների մեծ գործերը շարունակող իր որդուն:

Մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ պրեմիերային ներկա են եղել Թուրքմենիայի կառավարության և խորհրդարանի բազմաթիվ անդամներ և երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
    Դիտվել է 1004 անգամ