Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի նախագահն ափսոսում է, որ հաճախ չի լինում թատրոնում

11.05.2014


«Ես շատ եմ ափսոսում, որ հազվադեպ եմ լինում թատրոնում: Եվ որքան լավ է, որ ես այսօր այստեղ եմ հայտնվել» ,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Ազգությունների թատրոնում, ուր նա ժամանել է երեկ, նոյեմբերի 4-ին, երբ Ռուսաստանում նշվում էր Ազգային միասնության օրը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Թատրոնի դերասանները երկրի նախագահին ներկայացրել են իրենց լավագույն ներկայացումներից մեկը՝ ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Շուկշինի պատմվածքները» բեմադրությունը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը և ճանաչված դերասանուհի Չուլպան Խամատովան:

Ներկայացման ընտրությունը պատահական չի եղել, քանի որ Ռուսաստանում լայնորեն նշվում է մեծ գրող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վասիլի Շուկշինի 85-ամյակը:

Վլադիմիր Պուտինը ներկաների մոտ նաև անկեղծ ափսոսանք է հայտնել, որ այդ օրը գրողն իրենց հետ չի: «Բայց,- ավելացրեց նա,- մեր հետ են նրա հերոսները, որոնք այնքան նման են իրեն և որոնց շնորհիվ կանգուն է Ռուսաստանը»:

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել դերասաններին փայլուն խաղի համար և նշել. «Ես հիմա հասկանում եմ, ինչու տարբեր երկրներում, չնայած լեզվական խոչընդոտին, ներկայացումն ընդունվել է ջերմությամբ»:

Ավելացնենք, որ այդ երեկո թատրոնում է գտնվել նաև ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ում հետ Վլադիմիր Պուտինը հաղորդակցվել է ներկայացումից հետո:
    Դիտվել է 846 անգամ