Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերժ Սարգսյան. «Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ»

11.18.2014

Ուղերձով դիմելով Երևանում նոյեմբերի 17-22-ին կայանալիք Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ տասնյակ տարիների իր գործունեությամբ տարբեր ազգերի ու երկրների միջև մշակութային կամուրջի դեր կատարող հաստատությունը, հավատարիմ սեփական ավանդներին, կշարունակի իր կառուցողական գործունեությունը «նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը»:

Միաժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ «Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը այս հեղինակավոր կազմակերպության մասն է, և պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ»:

Սերժ Սարգսյանը կոնգրեսի աշխատանքների մասնակիցներին հիշեցրել է, որ «Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաև մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը և աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ»:

Նա համոզմունք է հայտնել, որ «ներկա կոնգրեսը կդառնա համագործակցության, նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ, կնպաստի արդի թատրոնի զարգացման միտումներին և առկա խնդիրների լուծմանը» և հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել «կոնգրեսի աշխատանքներին, իսկ մասնակիցներին՝ ջերմ ու անմոռաց տպավորություններ Հայաստանից»:

Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, որն առաջնորդվում է «Նոր ձայներ, նոր հանդիսատես, ժամանակն է երկխոսության» կարգախոսով, մեկնարկել է նոյեմբերի 17-ին Երևանում:

Կատարողական արվեստների ոլորտում ամենամեծ միջազգային կառույցը՝ Թատրոնի միջազգային ինստիտուտն իր մեջ է ներառում աշխարհի մոտ 100 կենտրոններ: Երևանյան ֆորումին մասնակցում են այդ կառույցի անդամ երկրների թատերական մշակույթը ներկայացնող շուրջ 300 գործիչներ:
    Դիտվել է 881 անգամ