Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Նոր եվրոպական թատրոնը» կրկին թատերական հրապարակներում է

11.18.2014


Այսօր Մոսկվայում հունգարացի ռեժիսոր Կորնել Մունդրուցոյի «Դեմենիցիա» բեմադրությամբ մեկնարկեց «Նոր եվրոպական թատրոն – NET» թատերական փառատոնը: Ծրագրում տեղ են գտել նաև այնպիսի անվանի ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսիք են Դեկլան Դոննելանը, Ուիլյամ Քենթրիջը, Օսկարաս Կոշունովասը:

Ի դեպ, վերջինս նշանավոր լիտվացի դերասան Յոուզաս Բուդրայտիսի հետ կներկայացնի ըստ Սեմյուել Բեքեթի «Կրեպպի վերջին ժապավենը» մոնոներկայացումը: Իսկ փառատոնի հերոսներից մյուսը՝ Դեկլան Դոննելանը, ով կարելի է ասել, որ Ռուսաստանում մշտական բնակություն է ստացել, հանդես կգա իր համար միանգամայն նոր ոճի մեջ՝ հանդիսատեսին ներկայացնելով «Թագավոր Ուբյուն» ներկայացումը, ըստ Ալֆրեդ Ժարրի համանուն ստեղծագործության: Իսկ Հարաֆաֆրիկացի նկարիչ և ռեժիսոր Ուիլյամ Քենթրիջը հայտնի վոկալիստ Մաթթիաս Գյորնեի հետ կներկայացնի Ֆրանց Շուբերտի երաժշտության սեփական դիտողական մեկնաբանությունը:

«NET» փառատոնի հանդիսատեսին հասցեագրված հետաքրքիր անակընկալների շարքին է դասվում նաև հայտնի իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչիի կողմից նախապատրաստվող «Մարդկային էակների մարդկային օգտագործումը» նոր ներկայացման փորձի բաց ցուցադրությունը: Կաստելլուչչի այս նոր աշխատանքի դեբյուտը կիրականացվի նրա արդեն պատրաստի մեկ այլ «Էլեկտրաթատրոն «Ստանիսլավսկի» » բեմադրության ռուսաստանյան պրեմիերայի հետ, որն իրենից ներկայացնելու միանգամայն անսովոր մի թատերական հրապարակ՝ առաջացած Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմահարթակին, որտեղ, ի դեպ, հաճախակի են իրենց գործերը ներկայացնում արտասահմանից հրավիրված նշանավոր ռեժիսորները:

«Նոր եվրոպական թատրոն – NET» թատերական փառատոնը սկիզբ է առել 1990 ական թվականներին, որպես Ռուսաստանում առաջին ոչ պետական թատերական նախաձեռնություն: Այսօր, արդեն, այս յուրահատուկ միջոցառումը դարձել է Մոսկվայի թատերական կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը: 2008 թ.-ից փառատոնը ֆինանսավորվում է ռուս մեծահարուստ բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի կողմից:
    Դիտվել է 954 անգամ