Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ֆրեյնդլիխ. «Առայժմ ես կարող եմ ասել, որ ապրել եմ երկար և երջանիկ կյանք»

12.08.2014


Այսօր իր ծննդյան 80 –ամյա հոբելյանն է նշում խորհրդային և հետխորհրդային տարածաշրջանում կինոսիրողներից շատերի սիրելին դարձած դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը: Հոբելյանի առիթով մի շարք ռուսական լրատվամիջոցներ անդրադարձել են արտիստուհու ստեղծագործական գործունեությանը և նրա մասնակցությամբ բեմ բարձրացված նոր աշխատանքներին:

Վերջերս նրա մասնակցությամբ կայացավ «Ալիսա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Լուիս Քերոլի հեքիաթների, գրում է «vesti.ru»-ն: Դա հայտնի հեղինակի գործերի ժամանակակից մեկնաբանությունն է, որը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից և ամեն ցուցադրության ժամանակ ապահովում էէ լեփլեցուն հանդիսասրահ:

Ներկայացումը նոր է, ոչ պարզունակ, փիլիսոփայական: Կամերային դահլիճում ընդամենը 100 նստատեղ կա, որոնք զբաղեցնող հանդիսատեսը անմիջապես սկսում է գլխավոր հերոսուհու հետ միասին վերլուծել իր անցյալը: «Ես,- ասում է դերասանուհին,- իմ անվան պատանդ եմ, բայց ոչինչ չես կարող անել: Ներկայացումը հնարավոր է, որ հասցեագրվել է դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին, բայց դա չի նշանակում, որ այն իմ մասին է: Այն ընդհանրապես իմ մասին չի: Թեև ինչ-որ զուգահեռներ, ճակատագրի հետ կապված, այնուամենայնիվ կան»:

Ալիսա Ֆրեյնդլիխի նկատմամբ հանդիսատեսի սերըը սկզբնավորվում է 1960-ական թվականներից: Կինոյում նա սկզբում նկարահանվում էր դրվագային դերերում: Ռեժիսորները նրան համարում էին ոչ կինոգենիկ: Նույնիսկ թատրոնում երկար ժամանակ նա ստիպված սահմանափակվում էր երեխաների, անչափահասների և... պառավների դերերով, ինչպես նրա բնութագրում երաշխավորել էր Լենինգրադի թատերական ինստիտուտը: Ասենք, որ այդ շրջանում, այնուամենայնիվ հանդիսատեսը հաճույքով էր գնում Կամիսսարժեվսկայայի անվան թատրոն՝ դիտելու նրա կերպավորած անապաստան Կոտկային և Լենսովետի թատրոն՝ դիտելու նրա մասնակցությամբ «Փոքրիկն ու Կառլսոնը» ներկայացումը:

Նրան մեծ փառք բերեց «Ծառայողական սիրավեպ» կինոնկարը:

Միայն Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում, որտեղ նա աշխատում է 1983 թ-ից, Ալիսա Ֆրեյնդլիխը կերտել է ավելի քան 20 ամենատարբեր բնութագրական նկարագրով կերպարներ:

«Չգիտեմ ինչ է սպասվում ինձ առջևում: Եվ ինչ-որ մի զգուշավորության և սնահավատության պատճառով ես չեմ ուզում այդ մասին բարձրաձայնել: Սպասենք: Առայժմ ես կարող եմ ասել, որ ապրել եմ երկար և երջանիկ կյանք»,- ասում է դերասանուհին:
    Դիտվել է 1232 անգամ