Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև վաղուց ի վեր չի անհանգստանում բեմից բացակայելու համար, բայց նրան հիշում են

12.19.2014

ՌԴ ժողովրդական արտիստուհի Անաստասիա Վերտինսկայան դարձավ 70 տարեկան:

«Կլոր տարիքը առանձնակի ուրախություն չի առաջացնում,- ասել է արտիստուհին:- Սակայն առանձնակի տխրություն էլ ես չեմ զգում»: Իր խոսքերով, այս տարին նա անցկացրել է շատ պտղաբեր՝ նվիրելով այն հորը՝ Ալեքսանդր Վերտինսկուն: «Այս տարի լրացավ նրա 125 ամյակը»,- բացատրել է արտիստուհին:

Անաստասիա Վարտինսկայայի հոբելյանը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևը: «Դուք նվիրել եք մարդկանց կախարդական և հուզական Ասոլին, փխրուն և նուրբ Օֆելիային և Լիզա Բոլկոնսկայային, հմայիչ Քիթիին, փայլուն Մեննային և հիանալի Մարգարիտային և էլի շատ ու շատ անմոռանալի կերպարներ, որոնց սիրում են տարբեր սերնդի հանդիսատեսները»,- իր շնորհավորական ուղերձում նշել է Մեդվեդևը:

Վերտինսկայան հայտնի դարձավ հանդիսատեսների լայն շրջանակներին, երբ 17 տարեկան էր: Նա նկարահանվեց «Կարմիր առագաստներ» ֆիլմում, որտեղ իր մարմնավորած հմայիչ հերոսուհու մասին ինքն ասում է. «Դա մանկական ստեղծագործության կարգից է»:

Երբ նոր էր լրացել արտիստուհու 18-ը, հանդես եկավ ոչ պակաս հետաքրքիր մեկ այլ դերակատարմամբ՝ նկարահանվեց «Երկկենցաղ մարդը» ֆիլմում և փայլուն կատարեց Գուտտիերի դերը Ալեքսանդր Բելյաևի վեպի յուրօրինակ էկրանավորման մեջ: 19 տարեկանում Վերտինսկայան մարմնավորեց բոլոր դերասանուհիների համար մասնագիտական հասունության այցեքարտ դարձած շեքսպիրյան Օֆելյայի կերպարը՝ Գրիգորի Կոզինցևի դասական դարձած «Համլետ» կինոնկարում:

Նա հաջողությամբ հանդես էր գալիս ինչպես կինոյում, այնպես էլ՝ թատրոնում: Եռաչափ հարթության մեջ Վերտինսկայան իր լավագույն աշխատանքը համարում է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում մարմնավորած Օլիվիայի կերպարը՝ Շեքսպիրի «12-րդ գիեշերը» կատակերգության մեջ:

Սակայն նրա համար թատերական բեմահարթակներից առավել սրտամոտը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը՝ (МХАТ)-ն էր, որտեղից, սակայն, 1980-ականների վերջերին հեռացավ և մեկնեց արտասահման ու... սկսեց մանկավարժական գործունեություն ծավալել Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեյցարիայում:

«Վերջապես ես հասկացա, որ կարելի է ապրել և չանհանգստանալ այն բանի համար, որ քո բացակայությունը բեմի և էկրանի վրա կարող է չնկատվել, ընդհանրապես չնկատվել: Եվ ոչինչ սարսափելի տեղի չունեցավ: Հավերժ խոշտանգող այդ դերասանական անհանգստությունը վերջապես ինձ հանգիստ թողեց»,- ասել է Անաստասիա Վերտինսկայան:
    Դիտվել է 897 անգամ