Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆ. Գրիգորյանը հրավիրել է Քսենյա Սոբչակին հանդես գալու իր նոր բեմադրության մեջ

01.23.2015


Հետխորհրդային շատ երկրներում և Ռուսաստանում հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող Քսենյա Սոբչակը Մոսկվայի Ազգությունների թատրոնում հանդես կգա նախապատրաստվող «Ամուսնություն» ներկայացման մեջ՝ ըստ Նիկոլայ Գոգոլի նույնանուն պիեսի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theatreofnations.ru»-ին:

Ներկայացման ռեժիսոր «Ֆիլիպ Գրիգորյանի այդ բեմադրությունը ոչնչով նման չի լինի չկայացած ամուսնության մասին Գոգոլի քրիստոմատեական կատակերգության մինչև հիմա ծանոթ որևէ տարբերակի»,- նշում է թատրոնի պաշտոնական կայքը: Ըստ հաղորդագրության շրջապատող աշխարհը բեմադրիչին առիթ է տվել ստեղծելու «անհավասարակշիռ, իսկ որոշ հատվածներում նաև սյուրռեալիստական բեմական միջավայր, որտեղ միմյանց են խառնվել ծանոթն ու անբացատրելին»:

Ռեժիսորը չդավաճանելով պիեսի հեղինակին, իր բեմադրության մեջ ազատ համադրում է այսօրվա ռիթմերը և կերպարները, միմյանց է բախում տարբեր մարդկային կերպարներ և սոցիալական դիմակներ:

Կայքը նշում է, որ ռուս դասականի «Ամուսնություն» պիեսի գրիգորյանական ընթերցումը հիշեցում է այն մասին, թե որքան դաժան է վերաբերում մարդու նկատմամբ հասարակությունը և թե որքան դժվար է գայթակղություններով ու կեղծություններով լի աշխարհում հասնել անձնական երջանկության:

Իսկ մի շարք ռուսական լրատվամիջոցներ նշում են, որ այս բեմադրության մեջ Ֆեկլա Իվանովնայի դերը մարմնավորող Քսենյա Սոբչակի համար սա առաջին դերասանական փորձը չի: Մինչ այս նա մի քանի փոքր դերեր է խաղացել ռուսական մի շարք կինոնկարներում («Հիտլեր կապուտ», «Էնտրոպիա», «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի»), նաև հանդես է եկել օտարերկրյա ֆիլմերի կրկնօրինակներում:

Սոբչակը առավել հայտնի դարձավ ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դոմ-2» («Տուն-2») հաղորդման մեջ հանդես գալուց հետո:

«Ամուսնություն» պիեսը Գոգոլը գրել է 1835 թ.-ին: Պատումի կենտրոնում ազնվական Իվան Պոդկալեսինն ու վաճառականի աղջիկ Ագաֆյա Կուպերդյագինան են: Նրանցից ամեն մեկը ցանկանում է հարմար զույգ գտնել և օգնության նպատակով դիմում է խնամխոս Ֆեկլա Իվանովնային, ով էլ որոշում է այս երիտասարդներին ամուսնացնել միմյանց հետ, սակայն հանդիպում է խոչընդոտների:

Ավելացնենք, որ այս ներկայացման պրեմիերան նախատեսված է մարտի 4-ին:
    Դիտվել է 988 անգամ