Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնը բոլորեց իր 85 ամյակը

02.07.2015

Փետրվարի 6-ը հոբելյանական էր Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի համար: Լրացավ այդ մշակութային հաստատության 85-ամյակը: Թատրոնի ղեկավարությունից հայտնել են, որ հոբելյանը առանձնակի հանդիսավորությամբ կնշեն թատերաշրջանի վերջում՝ հունիսի 10-ին: Այդ օրը կկայանա գալա ներկայացում, որի ժամանակ կներկայացվեն տարբեր տարիների լավագույն բեմադրություններից առանձին հատվածներ: Այս մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1930 թ.-ի փետրվարի 6-ին, թեև դրանից որոշ ժամանակ առաջ այդ մշակութային կոլեկտիվի գոյության հայտանիշներն արդեն տեսանելի էին շրջիկ թատերախմբի տեսքով, որը ներկայացումներ էր ցուցադրում Կարմիր բանակի առանձին զորամասերում:

Թատրոնի ստեղծումից հետո 10 տարի անց կառուցվեց նաև նրա համար հատուկ շենք, որն իրենից ներկայացնում էր հսկայական հինգթևանի աստղ: Այս յուրահատուկ կառույցի հեղինակը հայ մեծ ճարտարապետ Կարո Հալաբյանն է, ով իր ռուս գործընկերոջ՝ Վասիլի Սիմբիրցևի հետ նախագծել է ոչ միայն ինքնատիպ քաղաքաշինական օբյեկտ, այլև դրա ներքին ու արտաքին ձևավորմամբ հասել է գեղարվեստական մոնումենտալ հիանալի լուծումների: Այդ հարցում Հալաբյանը համագործակցել է ժամանակի հայտնի այնպիսի գեղանկարիչների հետ, ինչպիսիք են՝ Լև Բրունին, Վլադիմիր Ֆավորսկին, Ալեքսանդր Դեյնեկան և Իլյա Ֆեյնբերգը:

Թատրոնի շենքն ունի երկու բեմ: Պաշտոնական բացման օրից՝ 1940 թ.-ի սեպտեմբերից ի վեր երկու հարթակներում միասին, ընդհանուր առմամբ, խաղացվել է մոտ 45 հազար ներկայացում:

Վերջին 20 տարիներին թատրոնն անփոփոխ ղեկավարում է հայտնի ռեժիսոր Բորիս Մորոզովը:

Ի դեպ, 85 ամյակը բոլորած թատրոնում է աշխատում նաև համաշխարհային բեմարվեստում երկարակեցության յուրահատուկ ռեկորդ սահմանած և այսօր էլ իր գործն ակտիվորեն շարունակող 100-ամյա Վլադիմիր Զելդինը:
    Դիտվել է 910 անգամ