Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Զելդին. «Եթե աստված ինձ խնայում է, ուրեմն ես դեռ ամեն ինչ չեմ արել»

02.12.2015

Ապրիլի 10-ին,Մոսկվայում, Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի դահլիճում, ծննդյան մեկ դարը բոլորած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինին նվիրված հանդիսավոր արարողությանն էին հավաքվել երկրի կառավարությունը և օրենսդիր մարմինը ներկայացնող գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները, բիզնեսի, թատրոնի, կինոյի ու շոու բիզնեսի հայտնի դեմքեր:

Սովորական հանդիսատեսներին հոբելյանական միջոցառման մուտքի տոմսերից վաճառվել էին ընդամենը մի քանի տասնյակ հատ: Թատրոնն ու հալաբյանական կառույցի մերձակա ողջ տարածքը վերահսկվում էր ուժեղացված անվտանգության ծառայության կողմից: Թեև շատերին այդպես էլ բախտ չվիճակվեց ներկա լինել սիրելի արտիստի հոբելյանական արարողությանը, սակայն միջոցառումն անցավ բարձր մակարդակով, պետական այրերի ու գործընկերների ջերմագին խոսքերի ու ընծաների մատուցմամբ:

Երեկոյի գլխավոր գործող անձն, անշուշտ, հոբելյարն էր, ով իրեն նվիրված միջոցառման ընթացքում հանդես եկավ գրեթե իր ողջ արտիստական ներկապնակի հարստությամբ՝ նա երգեց, պարեց ու խաղաց ներկայացում: Թե ինպես էր արձագանքում այդ ելույթներին դահլիճը, կարելի է դատել այն բանով, որ երեկոյի ընթացքում հանդիսասրահը 10 անգամ ոտքի կանգնեց ու իր երախտագիտությունն արտահայտեց երկարատև օվացիաներով:

«8 տարեկանում ես արդեն լողում էի Օկայում: Այն ժամանակ գետով նավարկում էին անվավոր շոգենավեր: Ես մի անգամ շատ մոտ լողացի շոգենավին: Եվ սպառնալից պտտվող անիվը սկսեց ինձ իր կողմը քաշել: Ես հսկայական ճիգեր թափեցի ու դուրս պրծա այդ քլթքլթացող հոսանքից: 9 տարեկանում հիվանդացա դիֆտերիտով, այն ժամանակ դա մահացու հիվանդություն էր, հակավիրուսային դեղերը դեռ չէին հայտնաբերել: Եվ տեղի բժիշկը բարակ խողովակով կոկորդիցս դուրս ծծեց փթած թաղանթը, որն ինձ պիտի խեղդեր: Եվ ես կրկին ողջ մնացի: Սարսափելի 37 թ.-ին մեր ընտանիքին ձեռք չտվեցին: Հորեղբորս, նրա կնոջն ու երեխաներին սպանեցին: Իսկ մեզ ձեռք չտվեցին... Ինչու՞; 1941 թ.-ին սկսվեց պատերազմը և ինձ զորակոչեցին ճակատ: Սակայն մեծ ռեժիսոր Իվան Պիրևը ինձ հաստատեց «Խոզաբունը և հովիվը» կինոնկարի գլխավոր հերոսի՝ դաղստանցի հովիվ Մուսաիբի դերում և ես վերապահում ստացա: Ուրեմն նա ինձ փրկե՞ց: Իսկ պատերազմից հետո ես խաղացի մի ներկայացման մեջ, որը մտավ ռուսական թատրոնի պատմություն՝ «Պարուսույցը»: Ես այս ներկայացման մեջ հանդես եմ եկել հազար անգամ: Ոչ մի անգամ չեմ հիվանդացել, ներկայացումը, որը հանդիսատեսին բերում էր ուրախություն և երջանկություն, չեմ տապալել: Հայրս մահացել է 53 տարեկան հասակում, մայրս՝ 47: Իսկ ես ապրում եմ: Ես ապրել եմ երկու կյանք... Եթե աստված ինձ խնայում է, ուրեմն ես դեռ ամեն ինչ չեմ արել»,- ամփոփել է իր կյանքի առաջին դարը Վլադիմիր Զելդինը:

Տեսանյութեր

Դիտվել է 793 անգամ