Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոլժենիցինի անունը կրող գրական մրցանակը շնորհվել է թատերական գործիչին

03.06.2015

2015թ.-ին «Ռուսական թատրոնին անմնացորդ նվիրումով ծառայելու, համաշխարհային դասական գրականության գանձարանի գործերը բեմական լեզվով ոգեշնչված թարգմանելու, գրքի ու թատրոնի նկատմամբ հանդիսատեսներին խստապահանջ սիրով դաստիարակելու համար» Ալեքսանդր Սոլժենիցինի անվան գրական մրցանակը շնորհվել է թատերական ռեժիսոր Սերգեյ Ժենովաչին: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սերգեյ Ժենովաչն իր ուսուցիչ Պյոտր Ֆոմենկոյից հետո ռուսական իրականության մեջ ստեղծեց մի ամբողջ երևույթ, որը ստացավ «Ընթերցանության թատրոն» անվանումը: Դա մի բեմական մշակույթ է, որտեղ արձակի թարգտմանությունը բեմական եռաչափ տարածության մեջ վերածվում է գեղարվեստական նշանակալից իրադարձության:

Ալեքսանդր Սոլժենիցինի անվան գրական մրցանակը ավանդաբար շնորհվում է մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացում, իսկ պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայանում է ապրիլին (այս անգամ այն կկայանա ապրիլի 23-ին)՝ Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Ռուսական արտասահման» կենտրոնում:

Սոլժենիցինի անունը կրող մրցանակը շնորհվում է ինչպես ռուսաստանցի, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս բնակվող, բայց ռուսերենով ստեղծագործող և ռուսական դասականների գործը շարունակող գրողներին: Ժամանակի ընթացքում մրցանակաբաշխության սահմանները ընդարձակվել են և այժմ այդ մրցանակը, բացի գրողներից, շնորհվում է նաև գրականագետներին, պատմաբաններին, մշակույթի գործիչներին:

Թատերական գործիչներից տարբեր տարիների այդ մրցանակը շնորհվել է նաև ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյին և դերասան Եվգենի Միրոնովին:

Դրամական արտահայտությամբ մրցանակը կազմում է 25 հազար ԱՄՆ դոլար, որը տրամադրում է Սոլժենիցինի անվան հիմնադրամը:

Այս հասարակական կառույցը գրողը հիմնադրել է 1974 թ.-ին, ԽՍՀՄ-ից անմիջապես արտաքսվելուց հետո: Դրամագլուխը ձևավորվել է աշխարհի տարբեր երկրներում հրատարակված նրա հայտնի «ԳՈՒԼԱԳ արշիպելագ» վեպի համար ստացված հոնորարներով:
    Դիտվել է 1036 անգամ