Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդի աստղ Բրյուս Վիլիսը հանդես կգա թատրոնում

03.06.2015

Հոլլիվուդի դերասան Բրյուս Վիլիսը, ով այս ամիս կբոլորի իր 60- ամյակը, առաջին անգամ հանդես կգա Բրոդվեյում: Այդ մասին «Hollywood Reporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Վիլիսը կմարմնավորի գրող Պոլ Շելդոնին «Միզերի» խորագիրը կրող ներկայացման մեջ, որը բեմադրվել է ըստ Սթիվեն Քինգի նույնանուն գրական ստեղծագործության:

Իր դերասանական կարիերայի հենց սկզբին Վիլիսը հանդես է եկել քիչ հայտնի մի քանի թատերախմբերում, որից հետո տեղափոխվել է հեռուստատեսություն և այնտեղ մարմնավորել դրվագային կատակերգական կերպարներ:

Սակայն, իր իսկ համար անսպասելի, նրան հրավիրել են խաղալու «Պինդ ընկույզ» ֆիլմի գլխավոր հերոսի դերում, որից ավելի վաղ հրաժարվել էր Առնոլդ Շվարցենեգերը: 1988 թ.-ին այդ ֆիլմի թողարկումից հետո Վիլիսը ձեռք բերեց համաշխարհային համբավ:

Այժմ, շատ տարիներ անց, նա կրկին վերադառնում է թատրոն: Բայց այս անգամ, արդեն, համաշխարհային թատերական արվեստի կենտրոններից մեկում՝ Բրոդվեյում: Նրա հետ բեմում հանդես կգա «Օբի» թատերական մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի քառակի դափնեկիր Էլիզբեթ Մարվելը: Նա կխաղա գրողի հոգեպես անհավասարակշիռ երկրպագու Էննի Ուիլքսի դերը, ով այդպիսին է դարձել ավտովթարի ենթարկվելուց հետո:

Ներկայացումը կբեմականացնի բրիտանացի ռեժիսոր Ոիլլ Ֆրիրզը: Քինգի վեպը բեմադրության համար պատրաստել է Ուլյամ Գոլդմանը: 25 տարի առաջ դրամատուրգն այս վեպի վրա արդեն աշխատել էր՝ այն վերածելով սցենարի՝ նույնանուն ֆիլմի համար: Այդ կինոնկարը վարձույթ հանվեց 1990 թ.-ին և ունեցավ հաջողություն:

Բրյուս Վիլիսի և Էլիզբեթ Մարվելի մասնակցությամբ «Միզերի» վերնագրով բրոդվեյան նոր ներկայացման պրեմիերան կկայանա աշնանը: Թե հատկապես որ թատրոնում է բեմադրությունն իրականացվում, առայժմ պահվում է գաղտնի:
    Դիտվել է 1042 անգամ