Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ թատրոնի և կինոյի երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս Կարեն Ջանիբեկյանին

Այսօր հայ թատրոնի և կինոյի երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս Կարեն Ջանիբեկյանին: Մարտի 22-ին կյանքից հեռացած արտիստը հայ բեմարվեստի և կինոյի պատմության մեջ թողեց յուրահատուկ կոլորիտով շնչավորված կերպարների հարուստ պատկերասրահ:

Հայ բեմի «ժայռի»՝ Գուրգեն Գաբրիելյանի ընտանիքում 1937թ.-ին ծնված Կարենը իր դերասանական շնորհները զարգացրել ու կատարելագործել է հոր խստապահանջ հայացքի ներքո և, անշուշտ, թատրոնում և կինոյում վերակերպավորման գաղտնիքները պրոֆեսիոնալ մակարդակով ուսուցանող կրթօջախում՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նա աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական, ապա՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, «Համազգային» թատրոններում, հանդես եկել հեռուստատեսային և ռադիոբեմադրություններում:

Կարեն Ջանիբեկյանը կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1961 թ.-ից: Հանդես է եկել 50-ից ավելի գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն:

Իր բազմամյա գործունեության և բեմարվեստին և կինոյին անմնացորդ ծառայելու համար Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության պետական պարգևների: Նա ոչ միայն կոչումով, այլև իր կերտած բազմաթիվ կերպարներով իրավամբ ժողովրդական արտիստ էր:

Կարեն Ջանիբեկյանն կհուղարկավորվի այսօր՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
    Դիտվել է 929 անգամ