Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի միջազգային օրվա միջոցառումները սկսվել են գիշերվանից

Թատրոնի միջազգային օրը Մոսկվայում ավանդաբար սկսվում են նշել մարտի 27-ի գիշերվանից: Այս տարի միջոցառումների ծրագրերը կիրականացվեն Ռուսաստանի մայրաքաղաքի 70 թատերական հարթակներում: Կազմակերպիչները այդ թվի մեջ խորհրդանշական իմաստ են դնում, քանի որ այս տարի նշվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»–ին:

Միջոցառումների ծրագրում նախատեսված են թատերական ներկայացումների փորձերի և արդեն պատրաստի բեմադրությունների ցուցադրություններ, հանդիպումներ թատրոնի ոլորտի ստեղծագործող անհատների հետ, պոեզիայի երեկոներ, համերգներ, էքսկուրսիաներ կուլիսներում և այլն:

Հանդիսատեսները բոլոր միջոցառումներին մասնակցելու համար հերթագրվել են նախօրոք, իսկ մուտքի տոմսերի վաճառք, ընդհանրապես, չի նախատեսվել:

Այս տարի մոսկովյան թատրոնների համար մասնագիտական տոնը կնշանավորվի Վախթանգովի անվան թատրոնի սահմանած մրցանակաբաշխության առաջին արարողությամբ: «Թատրոնի մարդը» անունն ստացած մրցանակաբաշխության հիմնադիրը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասն է: Այն պետք է շնորհվի լավագույներից այն լավագույն վախթանգովցուն, ում, փակ քվեարկությամբ, կորոշեն թատրոնի ղեկավարները: Մրցանակը լինելու է յասամանի ճյուղ հիշեցնող խորհրդանշան և դրամական պարգև:

Նշենք, որ Թատրոնի միջազգային օրը, որպես տոն, հիմնադրվել է 1961 թ.-ին UNESCO-ի Վիենայում կայացած 9-րդ կոնգրեսում:

Թեև Հայաստանի տոնացույցերի ցանկում մարտի 27-ը առանձնացված չէ որպես թատրոնի օր, սակայն այս միջազգային հանդիսության խորհրդանշական իմաստը հիմնավոր տեղ ունի թատերական միջավայրում: Դրա լավագույն վկայությունն այն է, որ ավանդաբար հենց այդ օրն է կայանում հայ թատրոնի գլխավոր մրցանակաբաշխության՝ «Արտավազդի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
    Դիտվել է 829 անգամ