Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օտարահունչ Մերսեդես անուն, որը, սակայն, իր մեջ անթեղում է հայ կնոջ նկարագիր

Մայիսի 3, 4 –ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա Հայոց Մեծ եղեռնի 100 –ամյակին նվիրված նոր ներկայացման պրեմիերա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ հանդիսատեսի դատին կհանձնվի թատերագետ, գրող և դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրությունը:

Խեսելով նոր ներկայացման մասին՝ Հակոբ Ղազանչյանը նշել է, որ այն «ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց զավակների մասին է»: Ռեժիսորը ընդգծել է, որ պիեսը ներկայացնում է, թե ինչպես են մաքառել աշխարհով մեկ սփռված «մեր հայրենակիցները», որպեսզի իրենց երեխաները «օտարության մեջ մեծանան որպես հայ մարդ, պահպանեն լեզուն, հիշեն իրենց պատմությունը»:

Անուշ Ասլիբեկյանի պիեսը պատկերում է հայի բարդ ճակատագիրը կրող կնոջը, նրա կյանքի վրա անսպասելի անդրադարձեր ստացած վիճակները, որոնք հատկանշական են տարբեր քաղաքական և մշակութային արժեհամակարգերին: Պիեսը ներկայացնում է այդպիսի իրավիճակներում հայտնված հայուհուն, ով կրում է օտարահունչ Մերսեդես անունը և ով, սակայն, իր մեջ անթեղում է հայ կնոջ նորովի բացահայտվող նկարագիր:

Մերսեդեսի կերպարը մարմնավորում է հատուկ այս ներկայացման համար ԱՄՆ-ից հրավիրված հայ դերասանուհի՝ Նորա Արմանին:

«Այս թատերախաղը մեր հայրենի իրողության շատ կարևոր և ճակատագրական հանգրվանի, 40-ական թվականների վերջերին սկսված ներգաղթի և հայրենադարձների մասին է։ Այս նյութի վերաբերյալ մինչև այժմ շատ անդրադարձեր չեն եղել մեր գրականության մեջ՝ թերևս հասկանալի պատճառներով»,- ասել է Արմանին:

Նա նաև նշել է, որ այսօր, այս թատերախաղով մեծարվում է մի ողջ սերունդ, որը կոտորածներից փախած, օտար ափերում ապաստանած, և կամ այդ ափերում ծնված՝  թողնելով ամեն ինչ, վերադարձել է Հայաստան և կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրաբերելով՝ նպաստել հայրենիք կերտելու սրբազան գործին:
    Դիտվել է 966 անգամ