Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է դերասանուհի Լեյլի Խաչատրյանը

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահությունն ու քարտուղարությունը տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական  թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը:

Լեյլի Խաչատրյանը Երևանի թատերական ինստիտուտի սանուհի էր: Նա ավարտել է այդ բուհի դերասանական բաժնի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի ղեկավարած արվեստանոցը:

Ավելի քան 60 տարի Լեյլի Խաչատրյանը աշխատել է իր սիրելի թատրոնում՝ այնտեղ կերտելով շուրջ 150 կերպար, որոնք աչքի են ընկել վառ ու ցայտուն դիմագծերով, կատակերգական ընդգծված գույներով, տիպական վարքագծով:

Լինելով հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի զարմուհին, Լեյլի Խաչատրյանը արժանապատվորեն էր կրում արվեստին ու մշակույթին ծառայելու խաչատրյանական հավատամքը: Նա նաև ազնվորեն շարունակում էր Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական  թատրոնի մեծերի լավագույն ավանդույթները և, ինչպես նշված է ՀԹԳՄ պաշտոնական կայքում, համարվում էր այս մշակութային օջախի հենասյուներից մեկը:
    Դիտվել է 957 անգամ