Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դոկտոր Ժիվագո»-ն Բրոդվեյում ձախողվել է

Ռուս հեղինակ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» հայտնի վեպի հիման վրա Բրոդվեյում բամադրված մյուզիքլը մայիսի 10-ին կփակվի: Ամերիկյան «Variety» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Ապրիլի 21-ից, արդեն երկու շաբաթ ցուցադրվող ներկայացումը չի արդարացրել թատրոնի ֆինանսական սպասումները: Այն հավաքել է ընդամենը 500 հազար դոլար, որը պրոդյուսերների ակնկալածի կեսից էլ քիչ է: Ընդ որում Բրոդվեյի 53-րդ փողոցում գտնվող «Broadway Theatre» թատրոնի հանդիսասրահը միայն 75-80 տոկոսով է միշտ լցված եղել:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ նախացուցադրումից հետո, որը կայացել է մարտի 27-ին, ներկայացումը հիմնականում բացասական է գնահատվել քննադատների կողմից: Փորձագետները նշել են, որ ներկայացման վրա 12 մլն դոլարի հասնող ներդրում կատարողները և պրոդյուսերները, հավանաբար, կունենան ֆինանսական կորուստներ:

«Թոնի» թատերական մրցանակի կրկնակի դափնեկիր Դես Մքանուֆի իրականացրած այս մյուզիքլում միմյանց են միացվել մի քանի երաժշտական ժանրեր՝ լիրիկական բալլադներ, ռոմանսներ, քայլերգեր, ռուսական ժողովրդական մեղեդիներ: Մյուզիքլի հեղինակն է կրկնակի «Գրեմմի»-ի մրցանակակիր Լյուսի Սայմոնը:
    Դիտվել է 934 անգամ