Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երեխաների ազգային ինքնության պահպանությանը նպաստող թատերական փառատոն ԱՄՆ-ում

Այսօր՝ մայիսի 28-ին, ԱՄՆ- մայրաքաղաքում կկայանա ռուսալեզու մանկական թատրոնների 5-րդ փառատոնի բացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ռուսախոս «Փոքրիկ իշխանը» և «Ձյունե թագուհին», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» «Բուրատինոն» և էլի մի քանի հեքիաթների հերոսներ մոտ օրերս կհանդիպեն Վաշինգթոնում, տեղի թատերական հարթակներում, արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակներում: Յուրաքանչյուր տարի առավել ընդարձակ կազմով և հարուստ խաղացանկով կազմակերպվող այս միջոցառման մեկնարկը կտրվի ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայանալիք համերգով:

Այս տարի ռուսալեզու թատերական փառատոնին մասնակցում են ԱՄՆ-ի 15 նահանգներ և Կանադան ներկայացնող 20 կոլեկտիվներ: Նրանց բեմադրությունները հիմնականում կկայանան Ամերիկյան համալսարանի Գրինբերգ-թատրոնի բեմում:

«Թատրոնը երեխաներին անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի նրանք հանդիպեն երազանքի ու հրաշքի հետ: Թատրոնի օժանդակությամբ երեխաները սովորում են ճանաչել աշխարհը ոչ միայն խելքի միջոցով, այլ նաև սրտով»,- ասել է փառատոնի կազմակերպիչ, Ռուսաց լեզվի, մշակույթի և կրթության ամերիկյան ասոցիացիայի նախագահ Սվետլանա Սոկոլովան: Ըստ նրա. «փառատոնի աշխարհագրական ներկապնակը միավորում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մոլդովիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Լատվիայում, Գերմանիայում, Իսրայելում, Կանադայում ծնված երեխաներին»:

Բացի ներկայացումներից, այս ստուգատեսի շրջանակներում պատանի դերասանների ու ռեժիսորներին համար կկայանա նաև վարպետաց դասերի մի ամբողջական շարք: Փառատոնի մասնակիցներին սպասում է նաև մի նորույթ: Այս տարի այդ միջոցառման շրջանակներում կկայանա անհատական տաղանդների մրցույթ, որը ստացել է «Արվեստների մոլորակ Վաշինգթոն» անվանումը: Երեխաները այս նոր մրցութային ձևաչափի ընթացքում իրենց հնարավորությունները կփորձեն 5 անվանակարգերում՝ գործիքային, վոկալ, նկարչական, խորեոգրաֆիական և թատերական ոլորտներում:
    Դիտվել է 1039 անգամ