Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լավագույն մյուզիքլը «Զվարճալի տունն» է

Բրոդվեյի 2015 թ.-ի լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Զվարճալի տունը» ներկայացումը, որն էլ նախորդ օրը Նյու-Յորքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի թատերական այլընտրանքը համարվող «Թոնի» մրցանակի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մյուզիքլը բեմականացվել է ըստ ամերիկացի նկարչուհի և ֆեմինիզմի գաղափարակիր Էլիսոն Բեքդելի գրաֆիկական հիշատակարանի, որը պատկերում է աղջկա և ինքնասպանության հակումներ դրսևորող նրա հոր հարաբերությունները: Բեմադրությունը քննադատները անվանել են «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող աղջկա» մասին առաջին մասսայական մյուզիքլ:

Իսկ մրցանակաբաշխության «Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Թոնին» բաժին է հասել Հելլեն Միրենին, ով մարմնավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն «Տեսակցություն»  (The Audience) ներկայացման մեջ: Դերասանուհին թագուհուն ներկայացնում է ողջ «ինքնահաստատման» ժամանակահատվածում՝ սկսած 25 –ից մինչև 88 տարեկան հասակը: Նրա հերոսուհին իր ուժերի վրա անվստահ կնոջից աստիճանաբար վերածվում է իմաստուն, վճռական և բարի ինքնակալի: Սա Հելլեն Միրենի առաջին «Թոնին» է:
    Դիտվել է 1000 անգամ