Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիեսը գրվել է այն ժամանակ, երբ մթնոլորտը ակոսում էին Նիցշեի գաղափարները

Բրիտանական թագավորական թատրոնը «National Theatre Live » նախագծի շրջանակներում հունիսի 16-ից սկսում է Բերնարդ Շոուի «Մարդը և գերմարդը» ներկայացման ցուցադրությունը: Այն սուբտիտրերով կարող են դիտել նաև Ռուսաստանի 30 քաղաքներում, Ոկրաինայում և էլի մի շարք երկրներում այդ նախագծի մեջ ընդգրկված համապատասխան կինոթատրոնների հանդիսատեսները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru» և «kiev.vgorode.ua»-ին: «Մարդը և գերմարդը» պիեսը Բերնարդ Շոուն 1903 թ.-ին գրել է իր երկրպագուների խնդրանքով, ովքեր նրան առաջարկել են ստեղծել դրամատիկական գործ՝ Դոն Ժուանի մասին, ով ապրում է Անգլիայում 20-րդ դարի սկզբին, երբ եվրոպական մթնոլորտը ակոսում էին Նիցշեի սոցիալական փիլիսոփայության գաղափարները: Դոն Ժուանը ըստ անգլիացի դրամատուրգի հանդես է գալիս որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող փլեյբոյ-անարխիստ, ում նշանակել են երիտասարդ միլիոնատիրուհի Աննայի խնամակալ:

Այս բեմադրության գլխավոր դերակատարն է «Օսկարի» թեկնածու առաջադրված Ռեյֆ Ֆայնսը: Ռեժիսորն է երիտասարդ Սայմոն Գոդվինը, ով թատերասերների ուշադրությունը կարողացել է գրավել իր բեմադրած «Երկու վերոնացիները» ներկայացմամբ:

Բրիտանական թագավորական թատրոնի բեմ բարձրացված նոր աշխատանքը հագեցված է Շոուի յուրահատուկ սրամտությամբ, իր խնամարկյալի հետ մոտ հարաբերությունների մեջ մտնելու գլխավոր հերոսի՝ ազատամիտ Ջոն Թանների խորամանկ հնարքներով, ում հաջողվում է աղջկան թեքել իր կինը դառնալու մտքերի վրա: Իսկ ներկայացման երրորդ գործողությունը ամբողջությամբ նվիրված է հայտնի տեսարանին՝ դժողքի սատանայի հետ իսկական Դոն Ժուանի զրույցին:

Ռեյֆ Ֆայնսը նախ և առաջ հայտնի է իր խաղացած կինոհերոսներով («Անտեսանելի կինը», ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Շինդլերի ցուցակը»): Նա թատրոն է վերադառնում երկարատև ընդմիջումից հետո:
    Դիտվել է 1048 անգամ