Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բիզնես ոլորտը նոր բեմի շինարարությանը տրամադրել է շուրջ մեկ միլիարդ ռուբլի

09.14.2015

Այսօր իր հոբելյանական 95-րդ թատերաշրջանը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը կբացի նորակառույց բեմում: Հենց այս նոր հարթակում էլ կկայանա թատերախմբի հավաքը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«95 տարվա մեջ առաջին անգամ փոխվել է ավանդական կանոնը և «ամառային ընդմիջումից» հետո թատերախմբի հավաքը կանցկացնենք ոչ թե մեր պատմական տան սրահում, այլ նրան կից կառուցված շենքում, որտեղ էլ գտնվում է նոր բեմը: Ցույց կտանք, թե ինչ է ձեռք բերել թատրոնը ներդրումային պայմանագրի իրականացման շնորհիվ, թեև դրա համար պահանջվեց երկար ու ձիգ 13 տարի»,- նշել է վախթանգովյան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:

Նշենք, որ նոր բեմի շինարարության պայմանագիրը համապատասխան պետական գերատեսչությունների հետ համաձայնության հասնելուց հետո թատրոնը կնքել է դեռևս 2003 թ.-ին, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Միխայիլ Ուլյանովն էր:

Երկար ու ձիգ տարիների ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո, այնուամենայնիվ, հաջողվեց կառուցել սպասված նոր բեմը, որի մակերեսը վարչական և օժանդակ կառույցների հետ միասին կազմում է 6 հազար 250 քառակուսի մետր: Այսպիսով, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի ընդհանուր մակերեսը ավելացվեց շուրջ 60 տոկոսով և այժմ կազմում է 17,5 հազար քառակուսի մետր:

Թատրոնի տնօրենը նշել է, որ նոր բեմը կառուցվել է առանց պետական բյուջեի որևէ մասնակցության: Իսկ ներդրողներն, ընդհանուր առմամբ այդ նախագծի իրականացման համար տրամադրել են մոտ մեկ միլիարդ ռուբլի: Կրոկը, սակայն, նշել է, որ թատրոնին տրամադրված այդ գումարի դիմաց ներդրողները Մոսկվայի կենտրոնում, Արբատում ստացել են ընդարձակ մի մակերես, որտեղ նրանք կարող են իրենց համար շահեկան գործեր իրականացնել՝ կառուցել բնակելի շինություն և առևտրի ու գործարարության գոտի: «Կարծում եմ վերջին 10 տարիների ընթացքում սա բիզնեսի ու թատրոնի լավագույն համագործակցության օրինակներից է»,- նշել է Կրոկը:
    Դիտվել է 946 անգամ