Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հայֆեստ» -ի հայկական ծրագիրը տարեցտարի բարելավվում է

09.24.2015

Հոկտեմբերի 1-8 Երևանում կանցկացվի «Հայ Ֆեստ» ավանդական միջազգային թատերական 13-րդ փառատոնը: Այս անգամ փառատոնը կհյուրընկալի 26 երկրներից ժամանած 250 մասնակիցների: Միջոցառման ընթացքում մայրաքաղաքի 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում: Փառատոնի ընթացքում Հայաստանում հյուրընկալվող փորձառու թատերական գործիչները կանցկացնեն վարպետաց դասեր: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը:

«Հանդիսատեսը կդիտի բազմաժանր ներկայացումներ, կստանա մեծագույն բավականություն»,-նշել է փառատոնի ղեկավարը և ընդգծել, որ «Հայ Ֆեստի» նվաճումներից մեկն էլ այն է, որ փառատոնի հայկական ծրագիրը տարեցտարի բարելավվում է որակապես, աճում նաև՝ քանակով: Ըստ նրա. «Եթե նախորդ տարիներին ունեինք 1-2, ապա այս տարի ունենք 4-5 եվրոպական կարգի հայկական ներկայացում»:

Նշենք նաև, որ փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Զգացողությունների թանգարան» ներկայացմամբ, որը բեմադրվել է Մեծ եղեռնի 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    Դիտվել է 905 անգամ