Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերենիկ Մարտիրոսյանը մանուկներին է առաջարկում «Բարի հրաշագործը» գիրքը

09.26.2015

Լույս է տեսել Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, թատերագետ և թատերագիր Դերենիկ Մարտիրոսյանի «Բարի հրաշագործը» գիրքը:

Ինչպես նշված է գրքի ծանոթագրության մեջ, այն «բովանդակում է հեքիաթ-թատերախաղեր, նաև զվարճալի հանդես-բեմականացումներ Ամանորի տոնածառի շուրջ… Ընթերցողի մտքի ու սրտի տեսադաշտում արագ փոփոխվող հեքիաթների զարմանալի աշխարհը ներկայանում է գեղեցիկ ու պատկերավոր արտահայտչամիջոցներով»:

Ներկայացված բոլոր թատերախաղերը տարբեր ժամանակներում բեմականացվել են ինչպես Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի, այնպես էլ այլ թատրոնների բեմերում` հրճվանք և անզուսպ ծիծաղ պարգևելով բազում մանուկների:

Գիրքը կարդալիս անմիջապես զգացվում է հեղինակի բարի միտումն ու սկզբունքը. ոչ թե ստեղծել պարզապես հետաքրքիր գործեր, ծիծաղ հարուցել ընդամենը զվարճացնելու նպատակով, այլ այդ ամենը դարձնել միջոց մանուկ հոգիները կրթելու, դաստիարակելու համար:

Ստեղծագործությունների կերպարները տեսանելի, բովանդակությունը առավել պատկերավոր են դարձնում գրքի նկարները, որոնց հեղինակն է Վիկտոր Հովհաննիսյանը:

Հեղ. - Գուրգեն Միքայելյան


    Դիտվել է 996 անգամ