Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում մեկնարկեց «Հայֆեստ-2015»-ը

10.01.2015

Այսօր Երևանի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հայոց Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով մեկնարկեց 13-րդ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:

«Զգացողությունների թանգարան» նախագիծը՝ ներկայացում-ճամփորդություն է, որի ընթացքում հանդիսականը թատրոն-թանգարան մտնելով անցնում է տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների միջով: Ներկայացման հանդիսատեսը որոշ դեպքերում պարզապես դիտորդի դերում է, իսկ որոշ պարագաներում՝ գործողության ակտիվ մասնակից:

Ըստ ներկայացման բեմադրիչ Վահան Բադալյանի նախագծի նպատակն է ցույց տալ և ստեղծել մի հարթակ, որտեղ անձը կարող է վերապրել այն ամենը, ինչ զգացել է հայը ցեղասպանության ժամանակ:

Նշենք, որ հենց այս բեմադրության անվանումն է տրվել նաև «Հայֆեստ-2015»-ին:

Ընդհանրապես, դատապարտման և պահանջատիրության համար ուղենշային դարձած 2015թ.-ին փառատոնում նախատեսված են Մեծ եղեռնի թեման շոշափող այլ ներկյացումներ նույնպես: Դրանք կմատուցեն ինչպես հայ, այնպես էլ փառատոնին մասնակցող օտարերկրյա թատերախմբերն ու դերասանները:

«Հայֆեստ-2015»-ը այս տարի կհյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Ընդհանուր առմամբ երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում, որոնք բազմազան են թե ժանրերով և թե մատուցման ձևաչափերով: Նշենք, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Բացի այդ փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ և ինչպես նախորդ փառատոներում, այնպես էլ այս անգամ, թատրոնն ու բեմը ապագա գործունեության ոլորտ ընտրած ուսանողներին հնարավորություն կտրվի «Արմս ֆեստ» ծրագրի շրջանակներում ներկայացնելու իրենց աշխատանքները:

Այս ամենի մասին այսօր կայացած մամլո ասուլիսում խոսեցին «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, բեմադրիչ Վահան Բադալյանը:

«Հայֆեստ-2015»-ը , որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կեզրափակվի հոկտեմբերի 8-ին:
    Դիտվել է 942 անգամ