Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրեզդենում հիմնադրված ժեստերի թատրոնը նորամուտ տոնեց Նովոսիբիրսկում

10.20.2015

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում բացվել է ևս մեկ թատրոն: Ինքնին սա այնքան էլ մեծ իրադարձային փաստ չի, եթե նկատի առնվի, որ համանման մշակութային հաստատություն բացելու համար որևէ էական արգելք, որևէ երկրում չկա: Սակայն խնդիրն այն է, որ քաղաքում արդեն երկու տարի գործող թատրոնը, իրականում ունի շատ ավելի մեծ տարիք և փորձառություն:

Նովոսիբիրսկի նոր թատրոնը կոչվում է «La Pushkin» և իրականում գործում է, արդեն, ավելի քան 15 տարի: Այն հիմնադրվել է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, ապա տարիներ անց տեղափոխվել Նովոսիբիրսկ: Եվ ահա, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Օլեգ Ժուկովսկու ղեկավարությամբ գործող թատերախումբը, որ մինչ այդ հանդես էր գալիս տարբեր բեմահարթակներում, նորամուտ է տոնել քաղաքի կենտրոնում, «Ցենտրալնայա» այգու տարածքում գտնվող սեփական շենքում, որը նախկինում եղել է խաղատուն: Նոր թատրոնի հանդիսասրահը նախատեսված է 100 մարդու համար:

Նորամուտ տոնած մշակութային հաստատության շնորհանդեսը կկայանա «Պետյան և գայլը» ներկայացմամբ՝ Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության ուղեկցությամբ: Այն նախատեսված է բոլոր տարիքի հանդիսատեսների համար:

Հավելենք, որ «La Pushkin»-ը սովորական թատրոն չի: Նրա ներկայացումները բեմադրվում են միայն ժեստերի լեզվով: Այդ եղանակով թատերախումբն արդեն հանդիսատեսի ուշադրությանն է հանձնել 30 աշխատանք:
    Դիտվել է 949 անգամ