Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կապանի թատրոնի տնօրենը բացահայտել է կենսունակության իր բանաձևը

10.30.2015


Այս օրերին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է իր ծննդյան 80 ամյակը: Այդ առթիվ թատրոնում հոկտեմբերի 31-ին կկայանա հոբելյանական հանդիսություն, որին կմասնակցեն նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող մշակութային հաստատություններից ժամանած հյուրեր:

Բացի բեմից հնչող կենդանի խոսքից, ասմունքից, երգից և հոբելյարին հասցեագրված մաղթանքներից, թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը խոստացել է հանդիսության մասնակիցներին ներկայացնել մշակութային հաստատության անցած տարեգրությանը նվիրված 20 րոպեանոց ֆիլմ:

Կապանում այսօր հիշում են Ալ. Շիրվանզադեի «Չար ոգին» ներկայացումը, որով 1935 թ.-ին հայ դասական գրողի անունը ստացած հաստատությունը ազդարարեց իր նորամուտը հայ բեմարվեստի անդաստան: Դրանից հետո բազմաթիվ լավ ու վատ օրեր անցկացրած, բայց կենսունակությունը և առողջ ոգու թրթիռները ստեղծագործության անեղծ տարածքում պահպանած թատրոնը արձանագրել է բազմաթիվ ձեռքբերումներ:

Իր ղեկավարած կոլեկտիվի կենսունակության բանաձևը թատրոնի տնօրենը բացահայտել է օրերս տեղի «Խուստուփ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ «Այն ինչ ժառանգեցինք մեր ավագներից, մենք կարողանում ենք փոխանցել ապագա սերունդին: Թատրոնը չի լճացել, թատրոնը վերելք է ապրում և կարծում եմ այն ապագա ունի»,- նշել է Կամո Արզումանյանը:
    Դիտվել է 1301 անգամ