Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորթ հորից երկրորդ երեխան ունեցած աղջկա դրաման կրկին բարձացվում է բեմ

11.11.2015


Նյու-Յորքում, Բրոդվեյի «Բերնարդ Բ. Ջեքոբս» թատրոնում այսօրվանից կսկսվի «Մանուշակագույնը» («Color Purple») ներկայացման նախնական ցուցադրությունները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newyorktheatreguide.com»-ին:

Ներկայացումը իրականացվել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ալիս Ուոլքերի հայտնի նույնանուն վեպի հիման վրա՝ «Թոնի» մրցանակակիր, ռեժիսոր Ջոն Դոյլիի բեմադրությամբ: Պաշտոնական պրեմիերան կկայանա 2015թ-ի դեկտեմբերի 10-ին:
Ալիս Ուոլքերի «Մանուշակագույնը» ստեղծագործությունը դրամա է 14 տարեկան մի աղջկա՝ Սելի Ջոնսոնի մասին, ով այս տարիքում խորթ հորից (ում համարում է իր հարազատ հայրը) ծննդաբերում է իր երկրորդ երեխային: Տղամարդը Սելիի մոտից վերցնում է երեխային և տանում անհայտ ուղղությամբ՝ հրամայելով աղջկան, որ նորածնի մասին որևէ մեկին չպատմի:

Որոշ ժամանակ անց նրանց տուն է գալիս մի ֆերմեր և խորթ հորից խնդրում Սելիի քրոջ՝ Նեթիի ձեռքը: Սակայն հայրը հրաժարվում է Նեթիին ամուսնացնել նրա հետ և փոխարենը առաջարկում է Սելիի ձեռքը: Իսկ հետո Նեթին հեռանում է տնից ու մեկնում Աֆրիկա՝ խոստանալով, որ ամեն օր քրոջը նամակ կգրի: Սակայն Սելին քրոջից նամակներ չի ստանում, որովհետև ամուսինը բոլորը թաքցնում է նրանից...

1985 թ.-ին այս ստեղծագործության հիման վրա հոլլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանեց գեղարվեստական ֆիլմ, որը ներկայացվեց «Օսկար» մրցանակի՝ 11 անվանակարգերում: Թեև ֆիլմը ոչ մի անվանակարգում չստացավ ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր պարգևը, բայց և այնպես ավելի խորացրեց Ալիս Ուոլքերի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը:
    Դիտվել է 985 անգամ